Tuesday, December 14, 2010

Հայկական ցեղասպանությունը ագրեսիա էր կյանքի դեմ. Իսրայելացի գիտնականի երևանյան հայտարարությունը

Panorama.am. 14-12-2010- Ազգերը պետք է ճանաչեն մյուս ազգերի ցեղասպանությունները: Այսօր «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարեց իսրայելացի գիտնական Իսրայել Չառնին:
Նա իր «Կյանքի իրավունքը» անվանումով զեկույցը ներկայացնելիս հայտարարեց, որ իրենք` հրեաները իրենց լավ չեն դրսևորել այլ ազգերի ցեղասպանությունները ճանաչելու հարցում: Երևանյան գիտաժողովի ժամանակ իսրայելացի գիտնականը նույնիսկ վիրավորեց իր երկրի կառավարությանը, «տխմար» որակելով Իսրայելի կառավարության պատասխան հայտարարությունները հայոց ցեղասպանության փաստի մասին իսրայելացի տարբեր գիտնականների գիտական աշխատություններին ու հայտարարություններին:

«Առաջարկում եմ, որ մենք մի քայլ ձեռնարկենք ճանաչել մեր համազոհերին: Պետք է ճանաչենք, շատ այլ ազգերի ցեղասպանություններն ու խոսենք դրանց մասին: Շատ քիչ մարդիկ Իսրայելում գիտեն Կամբոջայի ցեղասպանության մասին, քչերը գիտեն նաև հայերի ցեղասպանության մասին», հավելեց իսրայելացի հյուրը` աննորմալ համարելով շատ իսրայելացիների այն հայտարարությունները, թե հրեաների ողջակիզումից բացի, այլ ցեղասպանություն չի եղել աշխարհում:

«Ցեղասպանությունը ֆաշիզմ է, խոշտանգում, զանգվածային ոչնչացում, սեր մահվան հանդեպ: Ցեղասպանությունը ժողովրդավարության հակաթեզն է, կյանքի, սիրո հակաթեզն է: Պետք է աշխատենք առաջ քաշել կյանքի հանդեպ հարգանքը, հայկական ցեղասպանությունը ագրեսիա էր կյանքի դեմ, ջիհադի կոչ էր», -հավելեց Իսրայել Չառնին:

Այնուհետև լրագրողների հետ զրույցում իսրայելացի հյուրը հատկանշական համարեց այն, որ այս տարի Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը հաստատվել է: «Շատ հրաշալի առաջընթաց եղավ այս տարի, երբ Իսրայելի Կնեսետի օրակարգ ընդգրկվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը», -հավելեց Չառնին:

Հիշեցնենք, որ այս տարի ապրիլի 28-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը ձայների մեծամասնությամբ ընդգրկվել էր Իսրայելի Կնեսետի օրակարգ:

No comments: