«Լրագիր» 14-12-2010- Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հրապարակած սոցհարցման տվյալը կարելի է որակել որպես Հայաստանին Ռուսաստանից հասցված “ապտակ”: Բանն այն է, որ այդ սոցհարցման տվյալի համաձայն, Հայաստանը Ռուսաստանի համար վստահելի գործընկեր է համարում ռուսաստանցիների ընդամենը 6 տոկոսը, եւ նրանց ընդամենը 4 տոկոսն է Ռուսաստանի համար վստահելի համարում հենց Սերժ Սարգսյանին, որպես Հայաստանի նախագահ:Ընդ որում, իրավիճակն “ապտակային” է թե այն պարագայում, եթե համարենք, որ հարցումն իսկապես արտացոլել է հանրության մոտ առկա պատկերը, թե այն պարագայում, եթե համարենք, որ այն կողմնակալ է: Դժվար, եւ նույնիսկ միամիտ կլինի ենթադրել, որ մի երկրում, որտեղ վերջին տարիներն անցնում են “իշխանության ուղղահայացի” ամրապնդման նշանաբանով, կարող է լինել սոցհարցում իրականացնող որեւէ խոշոր ընկերություն, որը կատարի մի պատվեր, ինչին կարող է դեմ լինել Ռուսաստանի իշխանությունը:
Հետեւաբար, կամ ռուսաստանցիները իսկապես չեն վստահում Հայաստանին եւ Սերժ Սարգսյանին, կամ ՌԴ իշխանությունն ուզում է, որ հենց այդպիսի պատկեր ներկայացվի: Երկու դեպքում էլ իրավիճակը մեղմ ասած բարվոք չէ, քանի որ խոսքը մի երկրի մասին է, որը Հայաստանի վրա ունի հսկայական տնտեսա-քաղաքական ազդեցություն: Այդ դեպքում, հավասարապես վատ է, եթե կամ այդ երկրի հասարակությունը չի վստահում մեզ, կամ էլ այդ երկրի իշխանությունը:
Դրա մասին մտածել անգամ գուցե չարժեր, անգամ կարելի էր գոհ լինել, եթե չլիներ այդ հսկայական ազդեցությունը: Մինչդեռ, մեր երկիրը փաստացի հայտնվել է մի այնպիսի գերտերության տիրապետության տակ, որտեղ, եթե մի քիչ կոպիտ ձեւակերպենք` մեզ չեն սիրում: Ինչ խոսք, Ռուսաստանում կովկասցիներին ընդհանրապես չեն սիրում, եւ այդ առումով իրավիճակը մի քիչ մխիթարական է, բայց խնդիրն այն է, որ չսիրելով հանդերձ, ռուսները օրինակ հարավկովկասյան մյուս երկու երկրների` Վրաստանի ու Ադրբեջանի վրա չունեն այն ազդեցությունը, այն լծակները, ինչ Հայաստանի վրա:
Ահա այդ իրավիճակում ակնհայտ է, իհարկե ոչ թե նոր, այլ հերթական անգամ, որ Հայաստանը Ռուսաստանի ոչ թե գործընկերն է, այլ պատանդը: Միայն պատանդին է, որ վերցնում են, պահում են, չմահանալու համար “հաց ու ջուր են տալիս, ապահովում են նրա անվտանգությունը”, քանի դեռ պահանջներ ունեն ներկայացնելու որեւէ մեկին, բայց այդ ամենով հանդերձ, պատանդին չեն սիրում: Այդպիսին է Հայաստանի եւ Ռուսաստանի ներկայիս հարաբերությունը: Ռուսները մեզ պահում են, մեր հայրենակիցներին հնարավորություն են տալիս իրենց երկրում աշխատել, փող ուղարկել Հայաստան, մեկ մեկ իրենք էլ վարկ են տալիս, զենք են տալիս, անվտանգություն են համաձայնում ապահովել, բայց չեն սիրում եւ չեն վստահում մեզ: Պարզապես պահում են, որովհետեւ մի օր կարող ենք պետք գալ ինչ որ բանի դիմաց փոխանակելու համար: Ընդ որում, դատելով մոտ ու հեռու պատմական նախադեպերից, Հայաստանը ռուսների համար բազմանգամյա փոխանակման պատանդ է:
Իսկ Հայաստանում գերիշխում է “ստոկհոլմյան սինդրոմը”. պատանդը սիրում է իր պատանդառուին, համարում, որ իր կյանքը միայն նրա հետ է անվտանգ, միայն նա է իր բարեկամն այս վատ աշխարհում, միայն նա է ուզում օգնել, պահել ու փայփայել, միայն նա է մեր եղբայրը: Եթե Հայաստանում անցկացվի սոցհարցում, ապա կասկած չկա, որ Ռուսաստանի վստահելիության վարկանիշը առնվազն կանցնի 50 տոկոսի սահմանը: Ռուսները մեզ չեն սիրում եւ վստահում, իսկ մենք հավատավոր հոտի նման շարունակում ենք ռուսներին համարել մեր միակ փրկությունը:
Գոնե հրապարակվող սոցհարցումները օգնեն ինչ որ հետեւություններ անել թե “վերնախավի”, թե հանրային մակարդակում: Թեեւ “վերնախավի” մակարդակում գուցե առանց սոցհարցումների էլ շատ լավ գիտեն, թե ինչպես են ռուսները վերաբերում մեզ իրականում: Բայց “վերնախավն” իր շահն ունի եւ շարունակում է հետեւողականորեն տեղավորվել եւ երկիրն էլ տեղավորել Ռուսաստանի տակ: Հասարակությունը պետք է իր շահը հասկանա եւ ըստ այդմ հետեւություն անի Ռուսաստանում հրապարակվող սոցհարցումներից:
Ամենեւին պետք չէ, որ այդ հետեւությունը ատելություն կամ զզվանք լինի: Դա նույնիսկ սխալ է: Ընդամենը պետք է, որ գոնե այդ ամենից հետո չլինի այն կույր հավատը, թե ինչ էլ լինի, միայն ռուսները կմտածեն մեր մասին ու կօգնեն մեզ: Ընդամենը պետք է, որ ռուսների հանդեպ վերաբերմունքը ապաէմոցիոնալացվի եւ գոնե հավասարակշռվի պրագմատիկ եւ սթափ դատողությամբ: Բանն այն է, որ Ռուսաստանի հետ հարաբերության առումով գլխավոր խնդիրը թերեւս ոչ թե իշխանական հպատակության քաղաքականությունն է, այլ հանրային պաշտամունքը: Եթե այդ պաշտամունքը վերանա, ապա թերեւս շատ բան կփոխվի նաեւ քաղաքականության մեջ, նույնիսկ եթե դա իրականացնողները չուզենան:
Թեեւ իհարկե կա նաեւ փայտի հակառակ ծայրը: Հանրային պաշտամունքը ձեւավորվում է նաեւ քաղաքականություն իրականացնողների համառ քարոզչության շնորհիվ, երբ պետական քարոզչության բոլոր խողովակներով ամեն առիթի դեպքում լայնորեն քարոզվում է, որ միայն Ռուսաստանի հետ է Հայաստանն ապահով եւ դրա համար սիրահոժար տրվում է նրան, իսկ Արեւմուտքի հետ գործակցում է ընդամենը ստիպված, չպատժվելու համար: Այդ քարոզչության պարագայում հանրային կարծիքը հայտնվում է “երկաթե վարագույրի” հետեւում, եւ ռացիոնալություն լինում է միայն այն շերտերում, ընդ որում կրկին` այդ շերտերից ոչ բոլորի մոտ, ովքեր ունեն “երկաթյա վարագույրը” ճեղքելու տեխնոլոգիական հնարավորություններ, ասենք` ինտերնետ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment