
Ըստ Նալբանդյանի՝ այսօր բանակցությունների սեղանին են 3 սկզբունք եւ 6 տարր: 6 տարրերը պարունակվում էին եռանախագահող երկրների նախագահների հայտարարությունների մեջ, թե լ’Աքվիլայում եւ թե Մուսկոկայում: «Միջազգային հանրությունը, միջնորնդները ասում են: Ասում են այդ սկզբունքները, այդ տարրերը, այդ առաջարկները շատ են մշակվել եւ առաջարկվել են որպես մեկ ամբողջություն: Եվ տարանջատել որեւէ այդ տարրերից կամ սկզբունքներից որեւէ մեկը մյուսներից կամ առավելություն տալ, գերակայություն տալ մյուսների հանդեպ սխալ է եւ անընդունելի: Ի՞նչ է ասում Հայաստանը: Հայաստանը ասում է, որ ընդունում է այդ առաջարկները, այդ սկզբունքները, այդ տարրերը, որպես հիմք՝ կարգավորման բանակցությունների համար եւ ընդունում է որպես ամբողջություն: Այսինքն մենք ասում ենք այն, ինչ ասում է միջազգային հանրությունը: Իսկ ի՞նչ է ասում Ադրբեջանը: Կարծում եմ, որ իրենք էլ չեն հասկանում ինչ են ասում: Ասում են «այո, բայց», «այո սակայն», «այո ,երեւի ոչ»: Պարզ պատասխան է հարկավոր` «Այո կամ Ոչ», ընդունում եք այս առաջարկները, թե՝ ոչ»,- նշել է Նալբանդյանը՝ նկատելով, որ միջազգային հանրությունը ասում է, որ պետք է գնալ խաղաղ կարգավորման, իսկ Հայաստանը նշում է, որ այլընտրանք չկա խաղաղ կարգավորմանը:
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ 2010 թվականին վերահաստատվեցին միջազգային հանրության այն մոտեցումները, որ 2008 թվականից արդեն ակնհայտ էին, եւ ներառված էին 2008 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ-ի 56 նախարարների հայտարարության մեջ Հելսինկիում, ապա 2009 թվականի դեկտեմբերին Աթենքում եւ 2010 թվականին Ալմաթիում, ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում եռանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների, արտգործնախարարների մակարդակով արված հայտարարության մեջ: Այս ամենը ընդգծվեց նաեւ 2010 թվականին Մուսկոկայում` նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Բարաք Օբամայի եւ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունում, Աստրախանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված հռչակագրում, Աստանայում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հնգակողմ հայտարարության մեջ: Ես կարող եմ եւս մեկ անգամ ասել, որ այս բոլոր հայտարարությունները եւ նրանցում պարունակվող մոտեցումները համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը:
«Ի՞նչ է ասում Ադրբեջանը: Աստանայում հնգակողմ հայտարարությունից հետո ադրբեջանական պատվիրակությունը մեծ ջանքեր գործադրեց, որ այն հայտարարությունը ոչ միայն չողջունվի մյուս երկրների կողմից, այլ նաեւ ընդհանրապես չհիշատակվի եզրափակիչ փաստաթղթերում, այն դեպքում, որ Ադրբեջանն էլ է ընդունել այդ հայտարարությունը»,- նշել է Նալբանդյանը։
Ըստ արտգործնախարարի, այսօր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող միջազգային բոլոր կազմակերպությունները, կառույցները, երկրները ունեն այն մոտեցումները, այն դիրքորոշումները, որոնք համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը:
No comments:
Post a Comment