Thursday, December 30, 2010

Ի՞նչ է սպասվում Լևոն Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին 2011-ին

Սերժ Սարգսյանին հաջորդ տարվա փետրվարից մինչև հունիս ամիսը լավ վիճակ է սպասվում, ինքնադրսևորվելու լավ հնարավորություն կընձեռվի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսումներով հանդես եկավ աստղաբան Էլյա Հովհաննիսյանը։ «Եթե նա գործ բռնի տղամարդկանց հետ, երկու կողմի համար էլ դա ձեռնտու կլինի»,– նշեց նա։
Աստղաբանը ՀՀ վարչապետի վերաբերյալ նշեց. «Տիգրան Սարգյանը հաջորդ տարվա առաջին չորս ամսում հետազոտությունների շրջան կապրի։ Խոսքը նրա առողջության մասին չէ, աշխատանքային հետազոտության մասին է։ Հաջորդ չորս ամիսը նրա համար նյութական պաշարի կուտակման և մեծ հաջողությունների շրջան կլինի։ Հաջորդ չորս ամիսներին, եթե վարչապետը գործ բռնի տղամարդկանց հետ, մեծ հաջողություններ են սպասվում նրան, եթե կանանց հետ՝ ոչ»,– գուշակում է Էլյա Հովհաննիսյանը։
Հաջորդ տարին բիզնեսմենների համար բարենպաստ է լինելու։ «Գագիկ Ծառուկյանի համար դեռ լավ ժամանակաշրջան է, սակայն հետո նա կսկսի աստիճանաբար անկում ապրել, որը տասը տարի կտևի»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին, ապա նրա համար, ըստ Էլյա Հովհաննիսյանի, լավ ժամանակաշրջան չէ։ «Նա հինգ տարի արդեն դժվարությունների մեջ է։ Նա մեծ անկում է ապրել շատ ուղղություններով։ Այս տարի էլ ընտանեկան խնդիրներ ունի։ Միայն 80 տարեկանի կողմերը նրա համար հաջողություններ կլինեն»,– ընդգծեց աստղագետը։
Նա նշեց, որ քաղաքականությամբ չի հետաքրքրվում, գիտի, որ Հայաստանին վերելքի շրջան է սպասվում։ Այդ ենթատեքստում էլ հայ–թուրքական և ղարաբաղյան հարցերում Հայաստանը հաղթանակի է հասնելու։
Էլյա Հովհաննսիյանը նաև նշեց, որ Հայաստանի համար այս տարի ոչ թե նապաստակի կամ ճագարի, այլ երկվորյակի տարի է։

No comments: