Thursday, December 30, 2010

Վրացի քաղաքագետ. 2011-ին պետք է ուշադիր հետեւել Իրան-ԱՄՆ հարաբերություններին

News.am. 29-12-2010- Ի տարբերություն նախորդ մի քանի տարիների, 2010 թվականին Հարավային Կովկասում ոչ մի արտակարգ իրադարձություն չգրանցվեց: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացի փորձագետ Գիա Նոդիան, հավելելով, որ տարածաշրջանում բավական կայուն վիճակ է ստեղծվել:
«Ոչ մի նոր բան տեղի չունեցավ ո՜չ ռուս-վրացական, ո՜չ հայ-թուրքական հարաբերություններում»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ռուս-վրացական հարաբերություններին, ապա Նոդիայի կարծիքով, 2011-ին այդ ուղղությամբ հատուկ զարգացում պետք չի սպասել: «Երկու երկրներն էլ պետք է պատրաստվեն ընտրությունների, այնպես որ բեկում չի կանխատեսվում: Այդ հարաբերությունները կնան շատ վատ»,- նշել է քաղաքագետը:
Անդրադառնալով ԼՂ խնդրին, Խաղաղության եւ ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի տնօրենը հայտարարեց, որ չնայած 2010-ի ընթացքում շփման գծում նկատվում է լարվածության աճ եւ որոշակի լոկալ բախումներ են արձանագրվել, սակայն իրավիճակը վերահսկողությունից դուրս չի գա: «Դա քիչ հավանական է»,- ասաց քաղաքագետը:
Նոդիայի խոսքով, հաջորդ տարի պետք է հատուկ ուշադրություն դարձնել Իրան-ԱՄՆ հարաբերություններին: «Թեեւ ես չեմ պնդում, որ այստեղ հարաբերությունների լուրջ վատացում կլինի, սակայն այդ ուղղությամբ հնարավոր է հետաքրքիր զարգացումներ եւ որոշակի բարդություններ լինեն»,- ընդգծեց նա:

No comments: