Thursday, December 30, 2010

ՈՐՆ Է ԻՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ

Հարցազրույց Քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների կոմիտեի համակարգող իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ

-Ինչպես կգնահատեք անցնող 2010 թվականը. որքանով էր այն արդյունավետ ընդդիմության պայքարի առումով, մասնավորապես, քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ:
-2008թ. սկսած յուրաքանչյուր տարի ընդդիմության պայքարի առումով կարելի է արդյունավետ գնահատել: Եկեք չմոռանանք, որ մենք ունեցել ենք 2008թ մարտի 1, երբ իշխանությունների կողմից ռազմական ուժ կիրառվեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, երբ բանակը դուրս բերվեց ընդիմության պայքարը ճնշելու նպատակով, երբ կալանավորվեցին 150-ից ավելի մարդ, եւ բազմաթիվ ակտիվիստներ անօրինական ձերբակալումից խուսափելու նպատակով ստիպված եղան թաքնվել կամ լքել երկիրը: Ըստ էության, այդ հետապնդումներն այս տարիների ընթացքում չեն դադարել եւ շարունակվում են նաեւ այսօր: Արգելվում են ընդդիմության հանրահավաքները, ակտիվ ընդիմադիրները ենթարկվում են հետապնդումների, ձերբակալվում են, ենթարկվում են ֆիզիկական բռնությունների, քրեական հետապնդումների, ընդդիմությանը հարող գործարարները սնանկացվում են, բայց այս աներեւակայելի ծանր պայմաններում էլ ընդդիմությունը կարողանում է մնալ հրապարակում, որպես կազմակերպված ուժ, որի հետ ժողովուրդն իր հույսերն է կապում: Ես արդեն նշեցի, որ 2008-ի մարտից հետո ունեցել ենք 150-ից ավելի քաղբանտարկյալներ: Նրանցից 9-ն են այսօր մնացել: Յուրաքանչյուր քաղբանտարկյալի ազատ արձակման հարցում իր որոշիչ դերն ունի ընդդիմությունը: Կազմակերպված ընդդիմության բացակայության պարագայում, ընդդիմության պայքարի բացակայության պարագայում, եթե ոչ բոլորը, ապա շատերը շարունակելու էին մնալ բանտերում:

-Տարեվերջին մի քանի քաղբանտարկյալի իշխանություններն ազատեցին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը. Ինչի՞ հետեւանք էր սա: Ձեր կարծիքով, այս գործընթացը հաջորդ տարում շարունակություն կունենա՞, թե ոչ:
-Վերջին ազատումներն էլ է հարկավոր դիտարկել իմ նշած համատեքստում: Երկրում իշխանությունն անօրինական ճանապարհով զավթած ուժերն ի վիճակի չեն դիմակայել առկա ճնշումներին: Նրանք պարտադրված են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Այս գործընթացն, անկասկած, շարունակվելու է: Բոլորն են ազատ արձակվելու: Ոչ միայն ազատ են արձակվելու քաղբանտարկյալներն, այլեւ, գալու է այն օրը, երբ այս իշխանավորները պատասխան են տալու իրենց գործած բոլոր անօրինությունների, առաջին հերթին հենց քաղբանտարկյալների համար: Էլ չեմ հիշատակում 10 զոհերն ու կեղծված ընտրությունները:

-Ձեր կարծիքով, քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում իշխանությունների վրա ո՞ր գործոնն է ավելի շատ ազդում` ներքին ճնշո՞ւմը, թե արտաքին ճնշումը` մասնավորապես, ԵԽԽՎ նստաշրջաններից առաջ արդյոք չեն փորձում մարդկանց ազատ արձակել` տպավորություն ստեղծելով, թե իրենք քայլեր անում են:
-Վստահ եմ, եթե Հայաստանում չլիներ կազմակերպված ընդդիմություն, արտաքին ճշումներն այսքան մեծ չէին լինելու: Իհարկե, արտաքին ճնշումները եւ կարեւոր, եւ որոշիչ գործոններ են, բայց դրանք պայմանավորված են ներսում առկա կազմակերպված ընդդիմությամբ: 2003թ. Հայաստանում նույն իրավիճակն էր: Էլի ընտրությունները կեղծվել էին, էլի ժողովուրդը դուրս էր եկել հրապարակ, էլի բանտերը լցվել էին քաղբանտարկյալներով, բայց քանի որ այն ժամանակվա իշխանությունը կարողացավ ընդդիմության ներսում ներդրած իր ականների միջոցով պայթեցնել, պառակտել ու թուլացնել ընդդիմությանը, արդեն թույլ ընդդիմության պարագայում դրսի ճնշումներն էլ թուլացան եւ վերջին հաշվով, կարելի է ասել, դադարեցին, ու Քոչարյանը շարունակեց հանգիստ պաշտոնավարել, ինչն այսօր հնարավոր չէ ասել Սերժ Սարգսյանի մասին: Այն ժամանակ էլ փաստաթղթեր ընդունվեցին, հայտարարություններ արվեցին, բայց չեղավ այն հետեւողականությունը, որ առկա է այսօր: Իշխանություններն այօրվա ընդդիմությանը պառակտել չկարողացան: Այսօր այլ է ընդդիմությունը, եւ դրանով էլ պայմանավորված` այլ կարգի են դրսի ճնշումները: Կրկնվեմ, առանց ներսում կազմակերպված ուժի դուրսը որեւէ լուրջ ու արդյունավետ ճնշում գործադրել չէր կարող:

-Բայց այսօր շատ են քննադատում ընդդիմությանը: Քննադատություն է հնչում նաեւ որոշ ընդդիմադիրների կողմից: Մարդիկ դժգոհում են, ասելով, թե ընդդիմությունն իրական պայքար չի մղում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետները:
-Ընդդիմության քննադատները տարբեր են: Քննադատներն առաջին հերթին պետք է ասեն, թե ինչ են իրենք հասկանում իրական պայքար ասելով: Կարծում եմ, իրական պայքարը պայքարին որեւէ կերպ սեփական մասնակցությունը բերելն է: Հեշտ է ոչինչ չանել եւ որպես զարգացումնրից դուրս գտնվող դիտորդ գնահատականներ հնչեցնել: Այդպես են այսօր վարվում անաչառի դիմակ հագած բազմագույն ու տարաբնույթ քաղաքագետները, փորձագետներն ու տարբեր կարգի այլ «եսիմինչ»-ագետներ: Նրանք դեպքերին որեւէ մասնակցություն չեն ունենում, որեւէ մեկին օգնության ձեռք չեն մեկնում, որեւէ պաշտպանության կարիք ունեցողի չեն պաշտպանում եւ իրենց տաքուկ անկյուններից ժամանակ առ ժամանակ իրենց քննադատական խոսքն են հնչեցնում հրապարակում պայքարող այս կամ այն գործչի հասցեին, գնահատելով նրա այս կամ այն քայլը, ընդդիմության հասցեին, ցուցաբերած, իրենց գնահատմամբ, պասսիվության կամ անհետեւողականության համար: Այս դիտորդները մի քիչ զայրացնում են, բայց ըստ էության զարգացումների վրա որեւէ կերպ ազդել ի վիճակի չեն ու որպես կանոն մոռացվում են մինչեւ իրենց արած հաջորդ «անաչառ» դիտարկումը:

Մյուս քննադատներն էլ յուրայիններն ու նախկին յուրայիններն են, ովքեր դժգոհ են, որ պայքարի արդյունքներն ուշանում են: Նրանք ցանկանում են ամեն ինչ ունենալ արագ ու միանգամից: Սա շատ նորմալ ցանկություն է: Բոլորը կուզենային, որ այդպես լինի, բայց միշտ չէ, որ այդպես է լինում: Նրանք հոգնում ու հիասթափվում են, երբ չեն տեսնում երկու տարուց ավել ձգվող պայքարի արդյունքները: Մարդիկ տարբեր են լինում իրենց խառնվածքով: Ոմանք շուտ են հոգնում ու հիասթափվում, ոմանք ուշ, իսկ ոմանք` ընդհանրապես չեն հոգնում ու չեն հիասթափվում: Ահա այս չհոգնող ու չհիասթափվող մարդիկ էլ, անկախ հանգամանքներից, դժվարություններից, յուրայինների ու ոչ յուրայինների քննադատություններից, պետք է սկսած գործը հաջողությամբ ավարտեն ու` կավարտեն: Այսպես լինում է միշտ եւ ամենուր: Ոգեւորության պահերին հրապարակները լիքն են լինում, իսկ հետո, երբ գալիս է ամենօրյա տքնաջան աշխատանքի ու չարչարանքի շրջանը, հրապարակը կամաց-կամաց դատարկվում է, եւ մնում են չհոգնող քչերը: Այսօր Հայաստանում այդ շրջանն է: Հուսանք, որ այն երկար չի տեւի:

Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

«Լրագիր» 28/12/2010.

No comments: