Saturday, December 11, 2010

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ

«ԱԶԳ, 11-12-2010- ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովը եւս մեկ անգամ վկայեց, որ ադրբեջանական դիվանագիտությունը խոր ճգնաժամ է ապրում: Այն, ըստ էության, սկսվել է շուրջ 10 տարի առաջ: Դա, ինչպես խնդրով հետաքրքրվող փորձագետներն ու վերլուծաբաններն են հիշում, մի ժամանակ էր, երբ հետեւում էին մնացել «փարիզյան սկզբունքների» բազմառաունդ բանակցությունները, իսկ առջեւում ուրվագծվում էր նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի քիվեսթյան հանդիպումը, որից ակնկալիքները բավական մեծ էին:
Լինելով փորձառու քաղաքական գործիչ, նախագահ Հեյդար Ալիեւը խնդիրը տեղափոխեց խորհրդարանական քննարկումների հարթակ: Եվ թերեւս ասաց ճշմարտությունը: Այն, որ ԼՂ հարցը միշտ էլ եղել է օրակարգում, Ադրբեջանի իշխանությունները փորձել են այն լուծել ամենատարբեր միջոցներով, ներառյալ` ժողովրդագրական էքսպանսիան եւ «մտրակի ու քաղցրաբլիթի» քաղաքականությունը, սակայն հաջողության չեն հասել, որ խնդրի միջազգային ընկալումը հիմնականում հայանպաստ է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի համաձայնի վերադառնալ 1988թ. իրողություններին, որ նույնիսկ պատերազմով հնարավոր չէ հասնել կատարյալ հաջողության, քանի որ ներկա աշխարհում անհնար է բռնատեղահանել մարդկանց եւ այլն:
Իհարկե, այս հավաստիացումներից յուրաքանչյուրը նա համեմում էր «հայկական նացիոնալիզմի», «կազմակերպված սփյուռքի եւ լոբբիինգի», «քրիստոնեական համերաշխության» մասին շաղակրատանքներով, բայց դա այն դեպքն էր, երբ կարելի էր հաշտվել քաղաքականության մեջ ցինիզմի որոշ տարրերի առկայության «անհրաժեշտության» հետ:
Այդուհանդերձ, թվում է, թիմն այդ հարցում չընդունեց առաջնորդի «անսխալականությունը», նա, կարելի է ասել, այդ պահից սկսած կորցրեց ԼՂ հարցի լուծման հասնելու նպատակադրության հանդեպ հետաքրքրությունը եւ առավելապես կենտրոնացավ ներքաղաքական իրավիճակի կարգավորմանը: Քանի որ հավանաբար զգաց, որ «հպատակների բազմությունը» կարող է նաեւ այլ անակնկալներ մատուցել:
Ի՞նչ ծրագրեր ուներ Հեյդար Ալիեւը` պատմության գաղտնիքն է: Ադրբեջանական որոշ աղբյուրներ, սակայն, վկայում են, որ նա անձամբ չի ստորագրել որդուն վարչապետ նշանակելու հրամանագիրը եւ` որ փաստաթուղթը կեղծված է: Խոսվում է նաեւ, որ բավական սուր է եղել պայքարը նրա եղբոր` ակադեմիկոս Ջալալ Ալիեւի եւ որդու միջեւ, թե ով է իրականում «գահաժառանգը»:
Սրանք վարկածներ են, որ ոչ ոք հաստատել չի կարող: Փաստն այն է, որ, ստանձնելով նախագահի պաշտոնը, Իլհամ Ալիեւն առաջարկել էր ԼՂ հարցով բանակցություններն սկսել «զրոյից»: Դա նշանակում էր, որ նա այդ հարցում իրեն իրավահաջորդ չի համարում: Այսինքն, չի ընդունում այն, ինչի շուրջը գրեթե 10 տարի բանակցել էր Հեյդար Ալիեւը: Կարելի է ենթադրել, որ «խաղը» նախապես պայմանավորված էր հոր եւ որդու միջեւ: Սակայն այդ դեպքում պետք է ընդունել, որ Հեյդար Ալիեւը «ծրագրել էր նույնիսկ իր մահը»: Մինչդեռ իրողությունն այն է, որ 2003թ. գարնանը նա պնդում էր, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին եւ հաղթելու է:
Ավելի հավանական է, որ Իլհամ Ալիեւը, բոլորովին իրազեկ չլինելով արտաքին քաղաքականության նրբություններին, նման հայտարարություն արել էր ժամանակ շահելու եւ «գործին ծանոթանալու» համար: Կամ էլ ստիպված է եղել ընդառաջ գնալ այն շրջանակների ցանկությանը, որոնք խոչընդոտել էին, որ Հեյդար Ալիեւը չգնա իրական կարգավորման:
Ամեն դեպքում, սակայն, Իլհամ Ալիեւը, կամա թե ակամա, դարձավ դիվանագիտական ճգնաժամի ոչ թե հաղթահարողը, այլ, ընդհակառակը, խորացնողը: Նա խնդիր դրեց միջազգային ասպարեզում «չեզոքացնել» կամ, նվազագույնը, զուգակշռել հայկական գործոնը, խորացնել Հայաստանի «մեկուսացվածությունը» եւ այլն: Սրանք, ներառյալ նաեւ ռազմական ծախսերի կտրուկ ավելացումն ու միլիտարիստական հռետորաբանությունը, քայլեր են, որոնք սկզբունքորեն հակասության մեջ են մտնում ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ Հեյդար Ալիեւի 2001թ. փետրվարին խորհրդարանի հատուկ նիստում դրսեւորած մոտեցման հետ:
Մինչդեռ, կրկնենք, Հեյդար Ալիեւը տրամաբանորեն հասել էր մի հանգրվանի, որտեղ ուրվագծվում էր ԼՂ` Ադրբեջանի իրավազորությանը ոչ ենթակա կարգավիճակի դիմաց, ինչ ձեւակերպում էլ որ դրան տրվելու լիներ ենթադրվող համաձայնությամբ, «օկուպացված տարածքները վերադարձնելու» եւ խաղաղության հասնելու նրա նպատակադրվածությունը:
Մենք, իհարկե, հակված չենք կարծել, որ իր արտահայտություններում Հեյդար Ալիեւն անկեղծ էր մինչեւ վերջ: Իհարկե, այդպես լինել չէր էլ կարող, բայց նա նախանշում էր պրագմատիզմին շատ մոտ արտաքին քաղաքականության հեռանկար, ինչի դեպքում ադրբեջանական դիվանագիտությունն իրոք անելիք կունենար: Դա կլիներ չափազանց նուրբ, գուցե վտանգավոր, բայց եւ հետաքրքրական «խաղ»:
Շատ տրամաբանական է, որ Իլհամ Ալիեւի փորձառության, գուցե ինտելեկտուալ հնարավորությունների պակասն է նաեւ պատճառը, որ նա չկարողացավ «շարունակել շախմատային մրցամարտը»: Կամ թերեւս նրան չեն վստահում եւ սպասում են, որ «մի փոքր էլ հասունանա»:
Անկախ իր հանդեպ մեր վերապահ վերաբերմունքից, պետք է ընդունել, որ Հեյդար Ալիեւը խոշոր անհատականություն էր եւ միջազգայնորեն հարգված քաղաքական դեմք: Մինչդեռ որդի Ալիեւը, թվում է, սեփական «հպատակների» շրջապատում իսկ լրջորեն չի ընդունվում, ինչը նա, ըստ երեւույթին, ճգնում է հաղթահարել` ԼՂ հարցում առավելագույն անհանդուրժողականության այնպիսի դրսեւորումներով, որոնք շատ հաճախ հիշեցնում են թերարժեքությամբ տառապող պատանյակի «լոթիություն»:
Դա, բնականաբար, խստորեն սահմանափակում է ադրբեջանական դիվանագիտության ճկունությունը: Մի բան, որ արտաքին քաղաքականության նպատակների իրացման հիմնական գործիքն է այնպիսի երկրների համար, որոնք չունեն «խաղի կանոններ մշակելու», առավել եւս` դրանք պարտադրելու հնարավորություն: Ադրբեջանը պատկանում է ճկունության պարտադրված երկրների թվին: Մինչդեռ Իլհամ Ալիեւն այն աստիճան կտրված է իրականությունից, որ երբեմն ներկայանում է իբրեւ «տերության նախագահ»:
Ահա, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական դիվանագիտության «պերճանքն» ու իրական թշվառությունը սա է: Եվ այս հայեցակարգային ճգնաժամն է, որ լուրջ մարտահրավեր է Հարավային Կովկասի անվտանգությանը, որովհետեւ պատմությունը բազմաթիվ օրինակներ գիտի, թե ինչպես վիրտուալ աշխարհում որոշումներ փնտրող մոլագարները պատուհասել են թե՛ սեփական ժողովրդին, թե՛ հարեւաններին, թե՛ միջազգային խաղաղությունը:
Դատելով այն իրողությունից, որ Աստանայից հետո ադրբեջանական կողմի պաշտոնական արձագանքը ձեւակերպվել է փոխարտգործնախարար Արազ Ազիմովի, փորձագիտականը` մեկ-երկու «տնաբույս» քաղաքագետների մակարդակով, կարելի է ենթադրել, որ Բաքվում հասունացել է ներքին լուրջ քննարկումների անհրաժեշտության ըմբռնում: Բացառված չէ, որ Իլհամ Ալիեւի թիմում տեղի ունենա սկզբունքային դերակատարների փոփոխություն:
Պետք է հուսալ, որ այդ տեղաշարժերն Իլհամ Ալիեւին մոտեցնելու են իրողությունների ըմբռնմանը եւ արտաքին քաղաքականության պրագմատիկ օրակարգի մշակմանը: Հակառակը հղի է վտանգով ոչ միայն նրա քաղաքական հետագա կարիերայի, այլեւ Ադրբեջանի պետականության համար առհասարակ:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

No comments: