«Իշխանական բուրգում չկա ներքին միասնություն, չկա իրական կոորդինացված համակարգ, հենց իրենց թիմում լրջագույն անվստահություն կա կոնկրետ անձերի և ռեժիմի նկատմամբ»,- դեկտեմբերի 6-ին (Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականից առաջ) Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Կապիտալի» հետ զրույցում այդպիսի կարծիք էր հայտնել (որը չէր տպագրվել)։-Պարոն Զուրաբյան, 2010թ. ներքին քաղաքական կյանքում ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ ՀԱԿ-ը։
-ՀԱԿ-ի համառ պայքարը, մեր հետևողական քաղաքականությունը ի վերջո արթնացնում է հայ հասարակությանը։ Մենք տեսնում ենք, որ կա լուրջ հասարակական ակտիվություն։ Բազմաթիվ բնագավառներում մարդիկ սկսել են վերագտնել իրենց և իրենց իրավունքների իրացումը պահանջելու համարձակությունը։ Այս շարժումն առաջին հերթին իրավունքների վերագիտակցման շարժում է։ Այս առումով պետք է ասել, որ այս մեկ տարվա ընթացքում Հայաստանում կա հսկայական առաջընթաց։ Բոլորս պետք է գիտակցենք, որ եթե ընտրություններից երեք տարի հետո և առաջիկա ընտրություններից մեկուկես տարի առաջ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց և մասնակցում են հանրահավաքների, հրաշք է, նման բան որևէ երկրում չկա։ Մենք կարողացանք այս երեք տարիների ընթացքում պահպանել քաղաքական ակտիվությունը։ Մենք արդեն տեսնում ենք, որ ձևավորվել է միջազգային մի մթնոլորտ, որը, միանալով մեր քաղաքական ակտիվությանը, պարտադրում է իշխանություններին լուծել քաղբանտարկյալների խնդիրը, որի ականատեսն ենք այս օրերին։ Ինձ համար ձեռքբերում է նաև այն, որ ընդդիմությունը կարողացավ ռեժիմի դեմքն ի վերջո բացահայտել միջազգային հանրության համար։ Այն, որ ասում էինք, թե ռեժիմը հիմնված է կրիմինալի վրա, միջազգային հանրությունն աչք էր փակում, սակայն երբ պարզ դարձավ, որ ռեժիմը կապեր ունի կրիմինալ խմբավորումների հետ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում, որոնք զբաղված են թմրաբիզնեսով, թրաֆիկինգով, փողերի լվացմամբ, ուրանի տրանզիտով, որը նաև վտանգավոր է ահաբեկչության դեմ միջազգային պայքարի առումով, նրանք սկսեցին հարցին ավելի լուրջ վերաբերվել։ Այսօր փչացած իմիջով Հայաստանը կորցնում է իր միջազգային դիրքերը, և սա նշանակում է, որ իշխանափոխությունը պետք է դառնա համազգային գործ։ Հայաստանում պետք է հիմնվի իսկական, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, որը կփորձի փրկել Հայաստանի միջազգային հեղինակությունը։ Այսօրվա իշխանությունները չեն կարողանում ճիշտ արձագանքել մարտահրավերներին։
-Ընտրություններից առաջ իշխանությունը նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություն՝ ելնելով ընտրություններն առավել թափանցիկ դարձնելու նկատառումներից։ Ինչո՞ւ է ՀԱԿ-ը բացասաբար վերաբերվում այդ փոփոխությանը։
-Քանի որ դա ռեժիմի կողմից կիրառվող քարոզչական հնարք է։ Նրանք փորձում են հասարակությանը և միջազգային հանրությանն ապացուցել, որ բոլոր այս ահաբեկումները և ընտրակեղծիքները, տեղամասերում մարդկանց ծեծը, Հայաստանից բացակա 500 հազար ընտրողների կենդանի քվեարկումը, այս բոլոր աղավաղումները հետևանք են օրենսգրքի անկատարության։ Նրանք փորձում են սերմանել այն տեսակետը, թե օրենսգրքի լրամշակմամբ հնարավոր կլինի լուծել այդ հարցերը։ Այդ քայլով նրանք փորձում են ցույց տալ, որ խնդիրը ոչ թե հանցագործներն են, այլ օրենքը, որի անկատարության պատճառով տեղի են ունենում այդ հանցագործությունները։ Սա աբսուրդ է։ Մենք, իհարկե, կարծում ենք, որ ցանկացած օրենք կարելի է բարելավել, և մեր առաջարկները ներկայացրել ենք Եվրոպայի խորհրդին, սակայն եթե նույնիսկ մեր այդ առաջարկներն ընդունվեն, եթե ամեն կերպ փոխվի ընտրական օրենսգիրքը, միևնույն է, դա որևէ բան չի փոխելու հանցագործի մտածողության մեջ։ Հանցագործը մնում է հանցագործ։ Ուստի, մենք չենք ուզում մտնել մի քննարկման մեջ, որի միակ նպատակն է արդարացնել անցյալի կեղծիքները։ Մենք այս իշխանությունների հետ նման քննարկման չենք մտնի, քանի որ Մարտի 1-ից հետո մենք հստակ հայտարարեցինք, որ եթե իշխանությունները ցանկանում են համատեղ աշխատանք, ապա պետք է ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին, բացահայտեն Մարտի 1-ի սպանությունների իրական հեղինակներին։
-Այսօր շատ մարդիկ, ովքեր մինչև վերջերս անտարբեր էին քաղաքական հայացքների համար ազատազրկված մարդկանց նկատմամբ, դուրս են գալիս փողոց և պահանջում են նրանց ազատ արձակում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված։
-Հայաստանում կա կոմֆորմիստների խավ, որոնք համագործակցում են ռեժիմի հետ, վախենում են արտահայտվել, չեն խոսում խնդիրների մասին, սակայն այս հասարակական ակտիվության հետևում ես տեսնում եմ, որ կոմֆորմիզմը նահանջում է։ Թե ի՞նչ նկատառումներով է պալատական որևէ ակադեմիկոս այսօր սկսել պաշտպանել քաղբանտարկյալներին, ինձ բացարձակ չի հուզում, կարևոր է այն, որ նա սկսել է դիմադրել ռեժիմին։
-Եթե ապագա ընտրությունները կեղծվեն, ի՞նչ կանի ՀԱԿ-ը։
-Ռեժիմը չի կարող կիրառել նախորդ փորձը, քանի որ բավականին թուլացած է։ Եթե մենք նրա այսօրվա վիճակը համեմատենք 2008թ. նախագահական վիճակի հետ, կտեսնենք, որ այն ժամանակ կար կուռ թիմ, կար իշխանական կազմակերպված բուրգ, բուրգի ներսում կար միասնականություն, իսկ հասարակության վիճակը զուտ սոցիալ-տնտեսական ցուցանիշների առումով անհույս չէր։ Այսօր բոլոր այս բնագավառներում ռեժիմը տապալված է. չկա ներքին միասնություն, չկա իրական կոորդինացված համակարգ, հենց իրենց թիմում կա լրջագույն անվստահություն կոնկրետ անձերի և ռեժիմի նկատմամբ։ Քոչարյանի ժամանակ նույն համակարգը գործում էր կոռումպացված, բայց պետական կառույցների ղեկավարների միջոցով, իսկ այսօրվա իշխանությունների շուրջ ձևավորվել է քրեական պոլիտբյուրո, որը շատ ավելի մեծ կշիռ ունի, քան պետական կառույցները։ Այսօր ամենակարևոր հարցերը քննարկվում և լուծվում են այդ քրեապետական պոլիտբյուրոյում և փաթաթվում պետական մարմիններին։ Այս ամենը դեմորալիզացնում է պետական բյուրոկրատիան։ Այսինքն՝ այսօր ռեժիմն ավելի թույլ է, քան նախկինում։ Ի տարբերություն իշխանության՝ ընդդիմությունն այսօր ավելի կազմակերպված և ուժեղ է, քան նախկինում։ Ուստի ցանկացած ընտրություն, որին որ մենք գնանք, ուժերի համադրությունը կլինի հօգուտ ընդդիմության։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment