Wednesday, December 15, 2010

Վրացիները հայահալած քաղաքականություն են իրականացնում հայերի ձեռքով. Շիրակ Թորոսյան

Tert.am. 15-12-2010- Ջավախքում հայահալած և այդ ճանապարհով հայաթափման քաղաքականությունը շարունակվում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ահազանգեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։
Ըստ նրա՝ Վրաստանում ստալինաբերիական ռեժիմ է ստեղծվել, իրավիճակն ավելի վատ է, քան Ստալինի և Բերիայի իշխանության տարիներին։ Տասնյակ հայ ակտիվիստներ քաղաքական հայացքների համար հեռացել են Ջավախքից։ Ցավալին, ըստ Թորոսյանի, այն է, որ հայահալած քաղաքականությունը Վրաստանի իշխանություններն իրականացնում են ՏԻՄ մարմինների և իրավապահների ձեռքով, որոնց աշխատակիցների մեծ մասը հայեր են։ Նման հայ պաշտոնյաներին Թորոսյանը խամաճիկներ անվանեց։
Թորոսյանի խոսքով՝ թեև հայ–վրացական բարեկամության ամրապնդման պաշտոնական հայտարարություններ են հնչում, սակայն իրականում առաջընթաց չկա։
«Շարունակվում է սրվել սահմանի խնդիրը։ Եթե նախկինում միայն Բավրայի հատվածում էր սրված, ապա այս տարի Տավուշի և Լոռու տարածաշրջանների սահամանային կետերում լուրջ խնդիրներ առաջացան վրացի իրավապահների ոչ իրավական քայլերի արդյունքում»,– նշեց Թորոսյանը։
Պատգամավորը նշեց, որ այս տարի Ջավախքի կրթական համակարգում նեգատիվ նոր դրսևորումներ են առաջ եկել։ Առաջինը Ջավախքի դպրոցներում հայերեն դասաժամերի կտրուկ նվազեցումը և դրա հաշվին վրացերեն առարկաների դասաաժամերի կտրուկ ավելացումն է։
«Վրացերենը պետք է սովորել վրացերենի, այլ ոչ թե հայերենի հաշվին։ Հայ երեխան Ջավախքի դպրոցում սկսում է վրացական լեզվամտածողություն դրսևորել, ինչը միջազգային նորմերի կոպիտ խախտում է»,– ընդգծեց բանախոսը։
Այս ուստարում Վրաստանի իշխանությունների հրահանգով Ջավախքի դպրոցներից հեռացվել են մեծ թվով հայոց լեզվի և հայոց պատմության ուսուցիչներ։ Նրանց թվում են նաև Շիրակ Թորոսյանի ծնողները։
Թեև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում համաձայնություն էր ձեռք բերվել Ջավախքի դպրոցներում վերականգնել հայագիտական առարկաների դասաժամերի քանակը, սակայն, ըստ Թորոսյանի, Վրաստանի ԿԳ նախարար Դմիտրի Շաշկինը հարցին լուծում չի տվել՝ տեղափոխելով այն հաջորդ տարի։
«Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը պատահական չէ, ունի հստակ ու պետական կարգավորում»,– ընդգծեց Թորոսյանը։ Նա հիշեցրեց Վրաստանի ԱԳ նախարարի խոսքերը, որոնք հնչեցվել էին Երևանում։ Լրագրողի՝ Ջավախքի վերաբերյալ հարցին Գրիգոլ Վաշաձեն պատասխանել էր. «Ես չգիտեմ՝ ինչ է Ջավախքը։ Նման տարածք քարտեզի վրա գոյություն չունի»։
Շիրակ Թորոսյանը նաև նշեց, որ վրացական իշխանություները Ջավախքի խնդիրները կոծկելու քաղաքականություն են իրականացնում։
Պատգամավորը նաև մեծ խնդիր է համարում այն, որ Վրաստանի հայկական եկեղեցիները չվերադարձվեցին Հայ առաքելական եկեղեցու վրացահայոց թեմին, Հայ առաքելական եկեղեցուն Վրաստանում իրավական կարգավիճակ չտրվեց, չստացվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի այցելությունը Վրաստան։ Թորոսյանը տեղեկություններ ունի, որ Վրաստանի հոգևոր առաջնորդն իր առողջական խնդիրների պատճառաբանությամբ անընդհատ ձգձգում է Ամենայն Հայոց կաթողիկոսի այցելությունը Վրաստան։ «Մինչդեռ մենք հետևում և տեսնում ենք, որ նա շատ առույգ է և այցեր է կատարում Վրաստանի մարզեր»,– նշեց Թորոսյանը։

No comments: