Monday, December 13, 2010

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կրկին հետաձգել է ադրբեջանական բանաձեւի քննարկումը. այս անգամ տեւական ժամանակով

News.am. 13-12-2010- ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հետաձգել է Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւի նախագծի քննարկումը: ՄԱԿ-ի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, Բաքվի նախաձեռնած «Ադբեջանի օկուպացված տարածքների մասին» բանաձեւի քննարկումը հետաձգվել է: Նախագծի քննարկման ժամկետը եւս հայտնի չէ:
Հետաձգվել է նաեւ «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգված հակամարտությունները եւ դրանց հետեւանքները միազջգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման վրա» բանաձեւը:
«Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» բանաձեւում, մասնավորապես, ասված է ադրբեջանցի փախստականների վերադարձի անհրաժեշտության եւ «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում ադրբեջանական մշակույթի հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության մասին»:
Նշենք, որ ՄԱԿ-ն առաջին անգամ չէ, որ հետաձգում է բանաձեւի քննարկումը: Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հայտարարել էր, թե ինքն է խնդրել հետաձգել նախաձեռնությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի խնդրանքով:
Երեւանը բազմիցս ասել է, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը պետք է ընթանա ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, եւ այլ ձեւաչափերն անթույլատրելի են:

No comments: