Wednesday, December 29, 2010

Վիրահայերից շատերը երկմտանքի մեջ են. Երեխային վրացակա՞ն դպրոց տալ, թե՞ հայկական

News.am-29-12-2010-Այսօր, ինչպես բոլոր երկրների հայկական համայնքներում, վրացահայերի առջեւ նույնպես կանգնած է ինքնության պահպանման խնդիրը:
«Օտար պետւթյուն, օտար միջավայր , օտար լեզու եւ կրոն: Իհարկե դժվար է նման պայմաններում պահպանել ազգային արժեքները` ազգությունը, կրոնը եւ մշակույթը, չձուլելով քոնն այլ ազգային արժեքներին»,-ասում է թիֆլիսահայ Գայանե Կարապետյանը, ում երեխան`Էրիկ Կարապետյանը այս տարի պետք է հաճախի դպրոց: Ինչպես հարյուրավոր վիրահայերի ընտանիքներում, այնպես էլ Կարապետյանների ընտանիքում առաջնահերթ խնդիրը այն է, թե երեխան, որ դպրոց հաճախի` վրացակա՞ն, թե՞ հայկական:
«Երեխաս մանկապարտեզում եղել է վրացիների միջավայրում եւ խոսել է միայն վրացերեն, բակում խոսում է վրացերեն: Իհարկե ինձ համար կարեւոր է, որ նա հաճախի հայկական դպրոց, սակայն բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ` այն, որ հայկական կրթությամբ` երեխաս այստեղ ոչ մի բանի չի կարող հասնել, նա չի կարողանա նաեւ բարձրագույն ընդունվել, որովհետեւ այսօր Վրաստանում դպրոցական ծրագրերը բավականին բարդ են, իսկ վրացական դպրոցի դեպքում էլ` երեխաս լիովին կհեռանա իր լեզվից, չնայած այն նրա մոտ արդեն իսկ նկատվում է»,- ասաց Գայանեն:
Այսօր, վիրահայերի մեծամասնությունը փրկությունը գտնում է միայն հայրենիքում` Հայաստանում բնակություն հաստատելով, սակայն ոչ բոլորն են կարողանում ադապտացվել միջավայրին եւ իրենց ապրելու համար ստեղծել հարմարավետ պայմաններ: Բազմաթիվ ծնողներ իրենց երեխաների համար գնում են զոհողության եւ ընտանիքը բաժանում երկու մասի, հայրը` շարունակում է զբաղվել իր գործունեությամբ, իսկ մայրը` երեխայի հետ գալիս է Հայաստան` նրան հայերեն լեզվով ուսում տալու , ինչպես նաեւ ազգային ինքնությունը պահպանելու համար:
«Ես նույնպես ուզում եմ գնալ Հայաստան, քանի որ դա հիմա միակ ելքն է»,-ասում է Գայանե Կարապետյանը:
Մինչ ծնողները երկմտանքի մեջ են եւ չգիտեն, թե իրենց երեխաների ապագան որ լեզվի իմացության հիման վրա կառուցեն, հայկական միակ 104 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն էլ, հորդորում են, որպեսզի հայ ընտանիքներն իրենց երեխաներին տանեն հայկական դպրոց: Նրանք նույնիսկ առաջին դասարանի կազմ հավաքելու համար հաճախում են հայկական ընտանիքներ` համոզելու, որ երեխաներին տանեն ոչ թե վրացական, կամ օտարալեզու դպրոցներ, այլ հայկական:
Փոքրիկ Էրիկին տանը սովորեցրել են հայերեն արտասանել եւ երգել, սակայն երեխայի ենթագիտակցության մեջ արդեն նստած է վրացերենը, վրացական հիմնը, եւ այբուբենը, ինչպես հարյուրավոր վիրահայերի երեխաների մոտ: Մանկապարտեզն իր գործն անում է:
Սակայն, ի՞նչ անել, ինչպե՞ս պայքարել այս ամենի դեմ: Ի վերջո Վրաստանն ունի իր պետական լեզուն, եւ պահանջում է կրթվել ու դաստիարակվել այդ լեզվով:
Հատկանշական է, որ մինչ վրացահայերը մյուս բոլոր երկրներում բնակվող հայերի նման ամեն կերպ փորձում են իրենց երեխաներին հայալեզու կրթություն տալ, Հայաստանի կառավարությունն օտարալեզու դպրոցներ է բացում, որտեղ կրթվող երեխաների առաջին լեզուն լինելու է ոչ հայերենը:

Դիանա Գաբրիելյան

No comments: