Thursday, December 9, 2010

Կրեմլում առաջարկել են Ասանժին Նոբելյան մրցանակ տալ

Tert.am. 8-12-2010- Հասարակական կազմակերպությունները պետք է մտածեն Ջուլիան Ասանժին Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին։ Այս մասին «Ռիա նովոստիին» ասել է Կրեմլի անանուն աղբյուրը։
Գործակալության զրուցակցի կարծիքով, այդ քայլը հնարավոր է ստեղծված իրավիճակում օգնի Ասանժին։
Թե Նոբելյան մրցանակի որ անվանակարգում Ասանժը պետք է առաջադրվի, աղբյուրը չի հայտնում։
Ամենայն հավանականությամբ խոսքը գնում է Խաղաղության նոբելյան մրցանակի մասին, քանի որ WikiLeaks–ի հիմնադիրը գիտության ճյուղերում իր ձեռքբերումներով հայտնի չէ։
Նշենք նաև, որ Նոբելյան մրցանակի հիմնադրամի կանոնադրության համաձայն թեկնածուներին չեն կարող առաջադրել Նորվեգիայի նոբելյան կոմիտեի անդամները, տարբեր երկրների կառավարության անդամները, խորհրդարանները, Հաագայի միջազգային միջնորդ դատարանը, Խաղաղության մրցանակի նախկին դափնեկիրները, ինչպես նաև քաղաքական գիտությունների,պատմության, փիլիսոփայության, իրավաբանական գիտությունների պրոֆեսորները։
Հիշեցնենք, որ երեկ բրիտանական ոստիկանությունը Շվեդիայում սեռական բնույթի հանցագործությունների կատարման մեղադրանքով ձերբակալեց Ասանժին, և նա այժմ կալանքի տակ է գտնվում։ Ասանժի նկատմամբ այդ միջոցը կկիրառվի առնվազն մինչև դեկտեմբերի 14–ը։
Պաշտպանական կողմը մտավախություն ունի, որ Ասանժին Շվեդիա արտահանձնելուց հետո, նրան կարտաքսեն ԱՄՆ, որտեղ էլ նրա նկատմամբ հաշվեհարդար կտեսնեն ԱՄՆ Պետքարտուղարությանը պատկանող փաստաթղթերի գաղտնազերծման համար։
Նշենք, որ երեկ լուրեր էին պտտվում առ այն, որ Ասանժը այս տարի կճանաչվի տարվա մարդ՝ Time ամսագրի վարկածով։

No comments: