Tuesday, December 21, 2010

Թաներ Աքչամ. Փակ սահմաններ ու միմյանց թշնամի երկու երկիր այլևս չպետք է լինեն

(Մաս 2-րդ)
Panorama.am. 21-12-2010- «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» միջազգային գիտաժողովի շրջանակներում Երևանում գտնվող թուրք պատմաբան, սոցիոլոգ և հրապարակախոս Թաներ Աքչամը հայ-թուրքական հարաբերությունների թեմայով բացառիկ հարցազրույց է տվել «Ermenihaber.am» լրատվական կայքին:

- Ադրբեջանին համարո՞ւմ եք հայ-թուրքական մերձեցման խոչընդոտներից մեկը:
- Թվում է, թե Ադրբեջանը խոչընդոտներից մեկն է: Սակայն ես այս թեմային այդքան լավ չեմ տիրապետում, քանի որ իմ ուսումնասիրության բնագավառից դուրս է: Որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի` կասեմ հետևյալը. Թուրքիան պարտավոր է Հայաստանի հետ հարաբերությունները տարանջատել Ղարաբաղի հարցից: Ղարաբաղի խնդիրն այլ խնդիր է, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները` մեկ այլ: Թուրքիան չպետք է նախապայմանի ձևով ակնկալի ղարաբաղյան խնդրի լուծումը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների ստեղծման գործում: Այսինքն եթե Թուրքիան իր արտաքին քաղաքական կուրսում փոփոխություններ անի, Ադրբեջանն այլևս խոչընդոտողի կարգավիճակից դուրս կգա:

- Նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, խոչընդոտ է այս պահին:
- Իրականությունն այն է, որ Անկարայում նրանք, ովքեր չեն ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում, Ադրբեջանը որպես պատրվակ են օգտագործում:

- Այսինքն, եթե Թուրքիան ցանկանա կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ , Ադրբեջանը չի՞ կարող խոչընդոտ լինել:
- Իհարկե, չի կարող:

- Նշանակում է Թուրքիան չի՞ ուզում:
- Այդպես է ստացվում:

- Հնարավոր համարո՞ւմ եք արձանագրությունների վավերացումը մեջլիսում ու ե՞րբ:
-Գործընթացը կարծես թե սառել է: Թուրքիան արձանագրությունների վավերացումը կապում է Ղարաբաղի հարցի հետ ու եթե այդ հիմնախնդրում առաջընթաց չգրանցվի, արձանագրություններն այդպես էլ կմնան: Իսկ ղարաբաղյան հարցում, այն էլ երբ այսօր պատերազմի վտանգ կա, կարծում եմ դրական առաջընթացի չպետք է սպասել: Այս պարագայում կա 2 լուծում` կամ Ղարաբաղում առաջընթաց կլինի կամ Թուրքիան իսկապես պետք է փոխի իր քաղաքականությունը: Կարծում եմ` Թուրքիան պետք է ասի «Ղարաբաղում ինչ լինում է, թող լինի, ես բացում եմ սահմանը Հայաստանի հետ»:

- Այս դեպքում, ձեր կարծիքով, թուրք-ադրբեջանական հարաբերությունները վտանգի տակ չեն դրվի՞:
- Չեմ կարծում, որ հարաբերությունները կփչանան: Ադրբեջանի կառավարությանն էապես անհրաժեշտ է պահպանել հարաբերությունները Թուրքիայի կառավարության հետ: Ընդհանրապես, այն երկիրը, որը մյուս երկրին երրորդի հանդեպ թշնամության է դրդում, հեռու գնալ չի կարող: Այդ տեսանկյունից Ադրբեջանն էլ հեռու գնալ չի կարող:

- Ինչ եք մտածում հայերի ու Հայաստանի մասին:
- Ամեն անգամ ուրախությամբ եմ գալիս Հայաստան: Ես Արդահանցի եմ: Շրջելով Երևանի փողոցներում, ինձ Արդահանում եմ զգում: Այստեղ իմ ծննդավայրը հիշեցնող շատ բան կա: Առհասարակ սիրում եմ նոր մարդկանց հետ ծանոթանալ: Ես փոքր-ինչ կոսմոպոլիտ եմ (աշխարհի քաղաքացի): Աշխարհի ամեն անկյունում լինում եմ: Իսկ Հայաստանում ընկերներ ձեռք բերելն ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունի:

Նշենք, որ Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին թուրք գիտնականներից է և մինչև օրս հալածվում է թուրքական իշխանությունների կողմից: Հեղինակել է Հայոց ցեղասպանության խնդրով մի շարք հետազոտություններ, պաշտպանել է դոկտորական թեզ: Հարցազրույցի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ http://www.panorama.am/am/politics/2010/12/17/akcam/:

No comments: