Friday, December 31, 2010

Ազգագրագետ. Անցյալում հայերն Ամանորի սեղաններին մսից պատրաստված ուտեստներ առհասարակ չեն ունեցել

Հնում Ամանորը նշելիս հայերը լիովին ընկալել են տոնի տիեզերածին էությունը, նորին անցում կատարելու դրա խորհուրդը։ Սակայն հին ու բարի ժամանակներն, ինչպես ասում են, անցել են, եւ տոնի իրական խորհուրդը մեր օրերում, ցավոք, չի պահպանվել։ Նոր տարվա նախաշեմին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր մտահոգությունները կիսեց ազգագրագետ Գոհար Ստեփանյանը՝ համեմատական անցկացնելով Ամանորը տոնելու հայկական հին եւ նոր ավանդույթների միջեւ։
«Հին հայերն անցյալում Նոր տարին ընկալել են որպես բեկումնային, անցումային շրջան դեպի ամենայն նորը։ Ամանորն ընկալվել է որպես քաոսի ավարտ եւ տիեզերքի արարում։ Այս տոնը միտված է եղել նախասկզբնական քաոսից դուրս գալուն, տիեզերքի տարբեր տարրերը միավորելուն, ինչին միտված է եղել նաեւ Ամանորի սեղանը՝ իր բազմատեսակ ուտեստներով։ Օրինակ, նույն պասուց տոլման կամ անուշապուրը։ Դրանցից առաջինն իր մեջ մեկտեղել է տարբեր տեսակի հատիկավորներ, մյուսը՝ տարատեսակ չրեր եւ անուշեղեն։ Մի խոսքով, հին հայերի Ամանորյա սեղանն իրենով դիտարկվել է որպես մոդել, ուր հավաքված է ամբողջ տիեզերքը»,- հստակեցրեց ազգագրագետը։
Գոհար Ստեփանյանի տեղեկացմամբ, հին հայերն Ամանորի իրենց սեղաններին մսից պատրաստված ուտեստներ առհասարակ չեն ունեցել։ «Կերակուրները բացառապես բուսական ծագման են եղել մի շատ պարզ պատճառով. Նոր տարին համընկել է Սուրբ ծննդյան պասի շրջանին»,- հիշեցրեց ազգագրագետը։
Հարցին, թե որտե՞ղ է տեսնում ավանդապաշտ (գոնե նախկինում) հայերի՝ այսչափ փոխվելու եւ Նոր տարին խոզի «բդերով» ու տարատեսակ այլ ճարպոտ ուտեստներով նշելու արմատները, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այս գործում մեծ դերակատարություն է ունեցել խորհրդային ժամանակաշրջանը՝ քրիստոնեության եւ եկեղեցու նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքով։ Մյուս կողմից, ես՝ որպես ազգագրագետ, ինձ իրավունք չեմ վերապահում «բդային» եւ համադամ այլ ուտելիքներով ծանրաբեռնված Ամանորյա սեղանների համար նկատողություն անել հայերին։ Թեպետ մենք հակակրանք ունենք խոզի բդի նկատմամբ, եւ մեկ-մեկ այդ ամենն ուղղակի զզվեցնում է, սակայն խրախճանքների ժամանակ մսեղենը լրիվ ընդունելի տարբերակ է։ Այլ բան է, որ այդքան լավ ուտելու հետ մեկտեղ հայերը չեն կարողանում հարկ եղածի պես ուրախանալ՝ երգել, պարել։ Սա ոչ միայն Ամանորի, այլ մեր տոնական համակարգի՝ ընդհանրապես, չկայացած լինելու խնդիրն է»,- ցավ հայտնեց ազգագրագետը:
Ամփոփելով՝ Գոհար Ստեփանյանը հորդորեց չտառապել հարեւանի կամ բարեկամի ճոխ սեղանների պատճառով եւ մի կողմ թողնել «մեկը մյուսից հետ չմնալու» հայկական նախանձ մղումը։

No comments: