Tuesday, December 28, 2010

Իրանցի հոգևորականը Ֆեթվա է արձակել Ադրբեջանում հեջաբի արգելման վերաբերյալ

Panorama.am-28-12-2010-Ադրբեջանի կրթության նախարարը, խախտելով սահմանադրությունը, հրաման է արձակել, ըստ որի` արգելվում է դպրոցներում հեջաբ կրել, որն էլ հարուցել է բազմաթիվ մարդկանց դժգոհությունը, և Ադրբեջանում անցկացվող բողոքի ցույցերը մինչ այժմ որևէ արդյունք չեն տվել:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` Ադրբեջանում հեջաբի արգելման առնչությամբ արձակած Ֆեթվայում (հոգևորականների արձակած վճիռ) նշել է Իրանի ազդեցիկ հոգևորականներից մեկը` այաթոլլահ Մաքարեմ Շիրազին:

Հիշեցնենք, որ այաթոլլահ Մաքարեմ Շիրազին մայիս ամսին ևս մի Ֆեթվա էր արձակել Ադրբեջանում շիական մզկիթների արգելման վերաբերյալ, որտեղ, դիմելով Ադրբեջանի ղեկավարությանը, գրել էր. «Այժմ հստակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանում շարունակվի մզկիթների քանդման գործընթացը, պայքարի հրաման կարձակենք, և այն անձը, որը պայքարի ընթացքում կզոհվի, «շահիդ»կդառնա: Հրաման արձակելու պարագայում Ադրբեջանի Հանրապետությունում իրավիճակը անկայուն կդառնա: Ադրբեջանի իշխանությունները պետք է իմանան, որ շիաները յուրաքանչյուր հրաման արձակելուն պես պատրաստ են այն կատարելու»:Նկատենք, որ իրանցի բարձրաստիճան հոգևորականները Ադրբեջանում թե հեջաբի արգելման և թե մզկիթների քանդման գործընթացի վերաբերյալ հանդես են գալիս շատ խիստ քննադատական հայտարարություններով: Ամիսներ առաջ նաև իրանցի հոգևորականների շնորհիվ էր, որ կասեցվեց մզկիթների քանդման գործընթացը:

No comments: