Monday, December 6, 2010

Թուրք դիվանագետի` Հեյդար Ալիևի մասին գիրքն ազերիների մոտ կատաղություն է առաջացրել

HayNews.am. 5-12-2010- Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացրել թուրք նախկին դիվանագետ Թուրգուտ Էրի «Ազատությունից` տիրանիա» գիրքը, որը պատմում է 90-ականների Ադրբեջանի մասին, հատկապես անդրադարձներ կան Հեյդար Ալիևի իշխանության տարիներին: Հեղինակը 1994-2000թթ. եղել է Բաքվում Թուրքիայի դեսպանատան մամուլի գծով խորհրդականը, persona non grata` անցանկալի անձ է ճանաչվել Ադրբեջանի իշխանությունների կողմից և վտարվել երկրից: Այժմ նախկին դիվանագետն իր հուշերի հիման վրա գրում է աշխատություններ, որոնք հետաքրքիր լույս են սփռում 90-ականների Ադրբեջանի իրադարձությունների վրա: Ադրբեջանից նրան վտարել էին ընդդիմադիր մամուլին աջակցելու համար:
Ադրբեջանական կայքերից մեկը մաս առ մաս տպագրում էր «Ազատությունից` տիրանիա» գիրքը, սակայն իշխանություններն արգելք դրեցին դրա վրա: Բաքվին հատկապես վրդովեցրել էր Հեյդար Ալիևին վերաբերվող հատվածները: Մասնավորապես նշվում է Ադրբեջանի նախկին նախագահի և Եվգենի Պրիմակովի անմիջական դերը Քրդստանի բանվորական կուսակցության ստեղծման, դրա աջակցման մեջ: Անդրադարձներ կան նաև Ալիևի և նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովի հարաբերություններին, ներքաղաքական զարգացումներին, ժողովրդավարության նահանջին և Ադրբեջանում բռնապետության հաստատմանը: Գրքի գլուխներից մեկը նույնիսկ վերնագրված է. «Կարծես վերածնվել են Ստալինն ու Բերիան»:
450 էջանոց գիրքն լուրջ իրարանցում է առաջացրել Ադրբեջանում և թուրք-ադրբեջանական հարաբերություններում: Ադրբեջանցի պատգամավորները,պետական և քաղաքական գործիչներն իրենց սրբազան պարտքն են համարում պախարակել Թուրգուտ Էրին, և պաշտպանել «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիևին:
Նույնիսկ Բաքվում Թուրքիայի դեսպանատունը հանդես է եկել հատուկ հաղորդագրությամբ, որտեղ, մասնավորապես նշվում է. «Ազատությունից` տիրանիա» գրքի մեջ գրվածը պատկանում է մեր դեսպանությունում 90-ականներին մամուլի գծով խորհրդական աշխատած և այժմ Թուրքիայում ոչ մի պետական պաշտոն չզբաղեցնողԹուրգուտ Էրին և հանդիսանում է նրա անձնական կարծիքը: Գրքում արտահայտած մտքերը, չնայած նրան, որ մենք դրանք չենք կիսում, անհանգստություն են առաջացնում: Հեյդար Ալիևին, որպես թյուրքական աշխարհի մեծ առաջնորդներից մեկը, Թուրքիայում նույնպես պետք է հիշեն հարգանքով»,-եզրափակում է դեսպանության հաղորդագրությունը:

No comments: