Saturday, December 4, 2010

Հայաստանի ԱԳՆ. Ադրբեջանը բանակցային քողի տակ քարոզչական պատերազմ է մղում Հայաստանի դեմ

Հայաստանը պետք է հստակ գիտակցի, որ Ադրբեջանը ոչ թե գնում է խնդրի կարգավորման, այլ բանակցային գործընթացի քողի տակ փորձում է քարոզչական եւ տեղեկատվական պատերազմ իրականացնել Հայաստանի դեմ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Հայլուր» լրատվականին տված հարցազրույցում:
Քոչարյանը ցավ է հայտնել, որ հայաստանյան լրատվական դաշտի որոշակի հատված, առանձին վերլուծաբաններ եւ նույնիսկ քաղաքական ուժեր դարձել են այդ քարոզչության եւ ապատեղեկատվության պատանդը: «Կարծում եմ, որ ոչ թե պետք է հավատալ ադրբեջանական հայտարարություններին` միապաղաղ, միանման, այլ ավելի ուշադիր լինել դեպքերի զարգացումներին եւ վերլուծել այն, ինչ է իրականում տեղի ունենում»,- նշել է նա:
Հարցին,թ ե հնարավո՞ ր է այդ տեսակը չեզոքացնել մեզանում, Քոչարյանը պատասխանել է. «Կարծում եմ դա ամեն մի անձից է, ամեն մի քաղաքական ուժից է, ամեն մի լրատվամիջոցից է գալիս, թե որն է նրա համար առաջնային տեղեկատվությունը` մե՞ր երկրի պաշտոնյաների հայտարարությունները, թե՞ Ադրբեջանի»:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, դեկտեմբերի 1-2-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է ԵԱՀԿ գագաթաժողովը, որին մասնակցել են ԵԱՀԿ անդամ 56 եւ գործընկեր 12 երկրների ղեկավարները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ միասին հայտարարություն էին տարածել՝ ամրագրելով հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը, սակայն հաշված ժամեր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական ռազմատենչ հայտարարություններն էր արել: Նա նաեւ հրաժարվել էր Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ նախապես ծրագրված հանդիպումից:

No comments: