Saturday, December 4, 2010

«Թուրքիայում շարունակվում է 1915 թվականը». The Economist

HayNews.am. 3-12-2010- The Economist պարբերականն իր հերթական համարում անդրադարձել է մինչ օրս Թուրքիայում քրդերի կողմից քրիստոնյաների նկատմամբ շարունակվող ճնշումների խնդրին:
Հայտնի պարբերականի էջերում կարդում ենք. «Շատ լավ հայտնի է, որ քրդերը մասնակցել են Օսմանյան կայսրության կողմից 1915 թ զանգվածային կոտորածներին: Քուրդ կղերականները խոստանում էին դրախտ՝ 700 պալատներով և 700 սենյակներով նրանց, ովքեր հայի կամ այլ քրիստոնյայի կսպանեին: Այս մասին պատմում է շեյխ Մալա Հադին Դիարբեքիրից:
«Մենք պատրաստ ենք առերեսվել անցյալի հետ, հետևություններ անել,-նշում է Դիարբեքիրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, ով նաև հավելում է, թե իրենք այժմ վերանորոգում են քաղաքի եկեղեցիները, այդ թվում նաև հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը մինչ վերջերս թմրանյութերի վաճառքով զբաղվողների համար որպես շուկա էր ծառայում»:
The Economist-ը շարունակում է. «Այնուամենայնիվ, նույն Թուրքիայի Մարդին նահանգում քրդերը շարունակում են բռնություններ կիրառել այստեղ ապրող մի բուռ քրիստոնյաների նկատմամբ: Գլխավոր թիրախն ասորական եկեղեցուն պատկանող Սուրբ Գաբրիելի վանքն է, որի հողերի համար պայքար են մղում շրջակա գյուղի մեծահարուտսները, ինչպես նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Սուլեյման Ջելեբին»: Դեպքերին ականատես գերմանացի մի միսիոներ պատմում է, որ ասորական եկեղեցուն պատկանող հողերն անընդհատ հրդեհվում են տեղաբնակ քրդերի կամ թուրքական բանակի կողմից, հալածանքների են ենթարկվում տեղում բնակվող 2 հազար քրիստոնյաներ:

No comments: