«Լրագիր» 10-12-2010- Հայաստանի իշխանական համակարգում տեղի ունեցած կադրային փոփոխությունները, հատկապես Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը, շարքային քաղաքացիների շրջանում առաջացրել են մի էական հարցադրում. արդյոք իշխանությունը Գագիկ Բեգլարյանի սահմանազանցությունը չներեց այն պատճառով, որ նա համարձակվել էր ծեծել նախագահի աշխատակազմի ներկայացուցչին, թե իշխանությունը պարզապես որոշել է ընդհանրապես վերջ դնել սահմանազանցություններին եւ կպատժի անգամ փողոցային թափառաշրջիկի վրա ձեռք բարձրացնող պաշտոնյային: Հասարակության տարբեր շերտերից ու խավերից տրվում է այդ շատ տրամաբանական հարցը` «ինչ կլիներ Գագիկ Բեգլարյանի հետ, եթե նա ծեծեր ոչ թե նախագահի արարողակարգի ծառայության աշխատակցին, այլ շարքային մի քաղաքացու»:Քաղաքացիները, հանրությունն ինքը կարծես թե ունի իր այդ հարցի պատասխանը, որը ձեւավորվել է տարիների ընթացքում: Հանրության պատասխանն այն է, որ Գագիկ Բեգլարյանին ոչինչ էլ չէր լինի, եթե նա ծեծեր շարքային մի քաղաքացու: Ի վերջո, մեկ անգամ չէ, որ իշխանության այս կամ այն բարձրաստիճան ներկայացուցիչը կամ նրա հարազատներն ու թիկնապահները ծեծել են շարքային քաղաքացու, ծեծելով սպանել, կամ պարզապես սպանել, դարձրել հաշմանդամ, բայց նրանցից որեւէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության նույնիսկ պաշտոնանկության ձեւով:
Կամ, օրինակ, շաբաթներ առաջ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը «համբալ» էր անվանել իրենց աշխատավարձը պահանջող Նաիրիտի բանվորներից մեկին, ով սոցիալական ծանր իրավիճակից մի քիչ բորբոքված համարձակվել էր հայտարարել, թե «դուք ուտում եք մեր փողերը»: «Ես փող չեմ ուտում, ես բերում քո նման համբալներին եմ կերակրում», հայտարարել էր նախագահի աշխատակազմի ղեկավարը: Նա նույնիսկ հարկ չհամարեց ներողություն խնդրել իր այդօրինակ բառապաշարի համար, իսկ նախագահի նստավայրն էլ հարկ չհամարեց գոնե ինքը ներողություն խնդրել իր աշխատակազմի ղեկավարի այդօրինակ բառապաշարի համար:
Կարելի է իհարկե հիշել տարբեր շատ այլ դեպքեր ու պաշտոնյաների անուններ, բայց իմաստ թերեւս չունի, քանի որ քաղաքացիները, հասարակությունը հիշում են այդ ամենը բոլորից լավ, եւ նույնիսկ բլորից շատ գիտեն այդ մասին: Եթե մամուլում հայտնվում է երեքը, չորսը, ապա քաղաքացիները գիտեն հինգը, վեցը, տասը: Գիտեն, ու գիտեն նաեւ, որ դրա համար որեւէ պաշտոնյա չի ենթարկվել պատասխանատվության: Ավելին, քաղաքացիները գիտեն, որ պետք է նույնիսկ հաջողություն համարել, որ պատասխանատվության չեն ենթարկվում տուժող քաղաքացիները:
Ահա տարիներ շարունակ ձեւավորված այդ ավանդույթների եւ մթնոլորտի արդյունքն էլ քաղաքացիների հարցադրումն է, թե արդյոք տեղի ունեցածը կամ ունեցողն ընդամենը ներիշխանական կլանների, թե իշխանության որակի փոփոխության համար մղվող պայքարի արտահայտություն է: Ի վերջո, եթե մինչ այդ եղել է ինչպես հասարակությունը գիտե, դա չի նշանակում, թե ինչ որ պահից չի կարող լինել այնպես, ինչպես հասարակությունը ուզում է: Ամեն բան լինում է առաջին անգամ եւ սկսում է ինչ որ պահից:
Բայց դա դեռ պետք է ապացուցել: Պետք է ցույց տալ, որ Գագիկ Բեգլարյանը «սպիտակ ագռավ» չդարձավ սեւ իշխանության շրջանակում, այլ սեւ իշխանությունն է որոշել սպիտակել: Իսկ դրա համար շատ էական է տեսնել, թե ինչպիսի գործընթացներ են տեղի ունենալու առաջիկայում, ինչպես է փոխվելու պաշտոնյաների, օլիգարխների վարքը, եւ ավելին` կազմը, որովհետեւ հանրությունը շատ վաղուց ոչ միայն վարքի, այլ կազմի փոփոխության պահանջներ է դնում: Հենց այդ պահանջների կատարումով էլ մարդիկ չափելու են` գործ ունեն իշխանության նոր չափի՞, թե ընդամենը հին աղբի հետ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment