Thursday, December 9, 2010

ՀԱԿ. Հայաստանը շարունակում է անտեսել ԼՂ-ն որպես լիիրավ կողմ ճանաչելու ԵԱՀԿ որոշումը

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ԼՂ խնդրում արձանագրված ձախողումներն ու նահանջները: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:
«Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահ երկրների, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հնգակողմ հայտարարությունը վերահաստատում է Աքվիլայում եւ Մուսկոկայում հռչակված կարագավորման սկզբունքները եւ արձանագրում հակամարտող կողմերի պարտավորությունը լուծել Ղարաբաղի հարցը այդ սկզբունքների հիման վրա:
Հանգրվանային այս հայտարարությունն, ըստ էության, ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում արձանագրված տեղաշարժերը։ Հայտարարության տակ Սերժ Սարգսյանի ստորագրությունը նշանավորում է Հայաստանի իշխանությունների պաշտոնական համաձայնությունը կարգավորման քննարկվող ծրագրի վերաբերյալ՝ արձանագրելով այդ ընթացքում հայ դիվանագիտության թույլ տրված անընդունելի նահանջները եւ ձախողումները:
Հայ Ազգային Կոնգրեսն արդեն տվել է իր պաշտոնական գնահատականները Աքվիլայի հայտարարությանը /13 հուլիսի 2009/ եւ ԵԱՀԿ նախարարական խորհրդի Աթենքյան հայտարարությանը /3 դեկտեմբերի 2009/, սակայն Հայաստանի պաշտոնական համաձայնությունը Մուսկոկայի հայտարարության մեջ հռչակված կարգավորման սկզբունքներին եւ նրանում տեղ գտած արտահայտություններին առաջացնում է լրացումներ կատարելու եւ ամփոփիչ գնահատական տալու անհրաժեշտություն:
Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրում արձանագրել են հետեւյալ ձախողումներն ու նահանջները.
1. Հայաստանը շարունակել է Լեռնային Ղարաբաղը որպես բանակցությունների լիիրավ կողմ ճանաչելու ԵԱՀԿ 1994 թվականի որոշումն անտեսելու՝ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքական գիծը, ինչի հետեւանքով ԵԱՀԿ-ի եւ համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարություններից վերացել է Լեռնային Ղարաբաղի հիշատակումը որպես հակամարտության կողմ եւ բանակցությունների իրավահավասար մասնակից։
2. Համաձայնելով տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակ կիրառմանը (ինչի վրա 1996-ին վետո էր դրել Լեւոն Տեր-Պետրոսյանը Լիսաբոնի գագաթնաժողովում)՝ Հայաստանը պաշտոնապես համաձայնություն է տվել, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը իրականացվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
3. Օրակարգից դուրս է հանվել հանրաքվեի դրույթը. այն փոխարինվել է «կամարտահայտում» անհստակ ձեւակերպմամբ։
4. Անհստակ եւ անբավարար լուծում է տրվում Հայաստան - Լեռնային Ղարաբաղ ցամաքային կապի` Լաչինի միջանցքի կարգավիճակի սահմանման հարցին :
5. Եթե նախկինում խոսվում էր վերադարձվող տարածքների դեմիլիտարիզացիայի մասին, ապա այսօր խոսքը գնում է այդ տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին։
6. Եթե նախկինում խոսվում էր վերադարձվող տարածքներ փախստականների վերադարձի մասին, այժմ արդեն խոսվում է նաեւ նրանց վերադարձի մասին բուն Լեռնային Ղարաբաղ:
7. Կարգավորման հրապարակված սկզբունքներում ոչ մի խոսք չկա շրջափակումների վերացման մասին:
8. Ստորագրելով Աստանայի հայտարարությունը Սերժ Սարգսյանը համաձայնել է Մուսկոկայի հայտարարության մեջ օգտագործվող «օկուպացված տարածքներ» տերմինաբանությանը, որն մինչ այսօր երբեւէ չի օգտագործվել ոչ ԵԱՀԿ-ի փաստաթղթերում, ոչ էլ եռանախագահության հայտարարություններում
Անգամ այս նահանջների գնով Սերժ Սարգսյանին չի հաջողվել Ադրբեջանին ավելի կառուցողական դարձնել: Ընդհակառակը, Ալիեւի նկրտումներն ավելացել են, եւ Ադրբեջանի կեցվածքը վկայում է այն մասին, որ օգտագործելով Սերժ Սարգսյանի ռեժիմի թուլությունը եւ երկրի զարգացումն ապահովելու անընդունակությունը, Ալիեւը որդեգրել է Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու մարտավարությունը:
Այսպիսով, Աստանան արձանագրեց Հայաստանի նահանջները եւ դուռ բացեց նորանոր պարտությունների համար: Գլխավոր հարցին` այն է ինչպես Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պետք է դիմագրավեն առկա մարտահրավերները, Սերժ Սարգսյանի ռեժիմը պատասխան չունի: Այս ամենն արդյունք են ռեժիմի ոչ լեգիտիմության, կոռումպացվածության, հանցավորության ու դրանով իսկ՝ արտաքին խոցելիության։ Այս ամենն արդյունք են նաեւ տնտեսական զարգացման տեմպերով ու բացարձակ ցուցանիշներով Ադրբեջանի նկատմամբ ուժերի հարաբերակցության կտրուկ փոփոխության։ Ռեժիմի գոյատեւման ամեն օրը նորանոր անդարձելի կորուստներ է բերել ու բերում՝ սպառնալով նաեւ Հայաստանի ազգային անվտանգությանը։ Վիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումն է։ Սերժ Սարգսյանը պարտավոր է հրաժարական տալ՝ կա՛մ գիտակցելով դրա անհրաժեշտությունը, կա՛մ տեղի տալով համաժողովրդական ընդվզման առջեւ»։

No comments: