Thursday, December 9, 2010

«Երկիր» միություն. Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը խեղաթյուրված է ներկայացնում ջավախքահայության պայքարը

News.am. 8-12-2010- «Երկիր» միությունն անդրադարձել է WikiLeaks կայքում վերջերս տեղադրված Վրաստանում ԱՄՆ դեսպանատան զեկուցագրերից մեկին, որտեղ անդրադարձ կա 2006թ. մարտին Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ցույցերին, նշելով, որ դրանք, հրահրվել են ռուսների կողմից: Որպես դրա ապացույց մատնանշվել է այն հանգամանքը, որ հետագայում` արդեն ռուսական ռազմաբազան Ախալքալաքից դուրս բերելուց հետո, ջավախքահայության ելույթները դադարել են:
«Երկիր» միությունը հայտարարում է, որ վերոնշյալ պնդումները որեւէ առնչություն չունեն իրականության հետ եւ վկայում են լոկ այն բանի մասին, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կամ բացարձակապես չի տիրապետում իրական փաստերին կամ էլ միտումնավոր խեղաթյուրում է դրանք:
Ջավախքահայության ակտիվ ելույթների մարման իրական պատճառը 2006-08թթ. վրաց ուժային կառույցների կողմից ջավախքահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ անօրինական համակարգային հետապնդումների իրականացումն ու հայաբնակ շրջաններում ոստիկանական ռեժիմի հաստատումն է:
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի ներկայացուցիչները, որի կազմի մեջ մտնում է եւ «Երկիր» միությունը, մի շարք հայտարարությունների եւ նամակների միջոցով, նաեւ անձնական հանդիպումների ընթացքում փորձել են հրավիրել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ուշադրությունը ջավախքահայության նկատմամբ վրաց իշխանությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականության դրսեւորումների վրա, սակայն ապարդյուն:
Ջավախքահայության իրավունքների կոպիտ ոտնահարման փաստերի նկատմամբ ԱՄՆ դեսպանատան այս անտարբեր վերաբերմունքը, հանուն իր իրավունքների պաշտպանության ջավախքահայության օրինական պայքարի խեղաթյուրված ներկայացումը վկայում է այն մասին, որ Վրաստանում ամերիկյան ներկայացչությունը ստանձնել է ազգային փոքրամասնությունների նկատմամբ Սաակաշվիլիի վարչակազմի խտրական քաղաքականությունը կոծկելու եւ Վրաստանի` որպես ժողովրդավարական երկրի, կեղծ պատկերը պահպանելու գործառույթը:
Վրաստանում ԱՄՆ դեսպանատան այս անպատասխանատու գործելաոճը չի կարող չազդել ԱՄՆ արտաքին քաղաքականությունն իրականացնող մարմինների վրա, որոնք որոշումներ են ընդունում` հիմնվելով իրականությունը խեղաթյուրող զեկույցներից քաղված ոչ հավաստի տվյալների վրա:
ԱՄՆ դեսպանատան այս պահվածքը նաեւ արտոնում է վրաց իշխանություններին շարունակելու ջավախքահայության նկատմամբ իրենց խտրական քաղաքականությունը, ինչը ավելացնում է դժգոհությունն ու լարվածությունը Վրաստանի հայաբնակ շրջաններում»:

No comments: