Saturday, December 4, 2010

Աստանայի հայտարարությունը լուրջ նախազգուշացում է Ադրբեջանին. Էդվարդ Նալբանդյան

Tert.am. 3-12-2010- Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը կարևոր հանգրվան էր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն արձանագրելու առումով: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ գնահատելով դեկտեմբերի1-2 կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը։
Ըստ Նալբանդյանի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների, Ֆրանսիայի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից գագաթաժողովի շրջանակներում արված համատեղ հայտարարությամբ ամրագրվում է, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով` բանակցությունների միջոցով:
«Աստանայում ներկա ԵԱՀԿ գրեթե բոլոր պետությունների ղեկավարները իրենց ելույթներում ընդգծում էին ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացարձակ անընդունելիության մասին: Դա իր ելույթում հատուկ շեշտեց Ռուսաստանի նախագահը: Կարծում եմ, որ դա լուրջ նախազգուշացում է Ադրբեջանի ղեկավարությանը»,- ասել է ԱԳ նախարարը։
Այն, որ միջնորդ երեք երկրները Աստանայում կոչ արեցին կողմերին` ջանքերը կենտրոնացնել կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջացման վրա, Նալբանդյանի խոսքով, հստակ պատասխան է Բաքվի՝ հիմնարար սկզբունքների համաձայնեցումից խույս տալու փորձերին:
«Աստանայի համատեղ հայտարարությամբ կարևորվում են Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների 2008 թ. նոյեմբերի 2-ի Մոսկովյան հռչակագիրը և 2010 թ. հոկտեմբերի 27-ի Աստրախանյան հայտարարությունը, ու ընդգծվում է, որ հիմնախնդրի կարգավորման հիմք պետք է հանդիսանան միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, 2009 թ. հուլիսի 10-ի Լ’Ակվիլայի և 2010 թ. հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությունները»,- ընդգծել է նա։
Նալբանդյանն ընդգծել է ևս մեկ կարևոր հանգամանք, որն իր ելույթում ասել է ԱՄՆ պետքարտուղարը եռանախագահող երկրների անունից. առաջարկվող սկզբունքներն ու տարրերը կազմում են մեկ ամբողջություն, և որևէ մեկի՝ մյուսների նկատմամբ գերակայություն տալու փորձը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:
Նալբանդյանը հիշեցրել է, որ Ֆրանսիայի վարչապետը ևս իր ելույթում ընդգծել է ներկայացված առաջարկների ամբողջականությունն ու անբաժանելիությունը:
«Նույն մոտեցումն էր արտահայտված նաև Ալմաթիում ԵԱՀԿ ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կողմից արված համատեղ հայտարարության մեջ: «Այդ մոտեցումը ակնհայտ դժգոհություն էր առաջացրել Բաքվում: Իսկ մենք հայտարարեցինք, որ կիսում ենք այդ տեսակետը»,- նշել է ԱԳ նախարարը։
Նալբանդյանի խոսքով՝ Բացի հնգակողմ հայտարարությունից, ԵԱՀԿ բոլոր 56 անդամ երկրներն ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրը, որում ասվում է, որ ջանքեր պետք է գործադրվեն առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ`խաղաղ և բանակցային ճանապարհով, գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում՝ ամբողջովին հարգելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որոնք ամրագրված են ինչպես Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ, այնպես էլ Հելսինկյան եզրափակիչ ակտում: «Կցանկանայի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել «գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում» ձևակերպման վրա, ինչը ևս պատասխան է հիմնախնդրի կարգավորումը միջազգային այլ ատյաններ տեղափոխելու Բաքվի շարունակական փորձերին»,- ասել է ԱԳ նախարարը։
Ըստ նրա՝ վերոհիշյալին հարկ է ավելացնել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումները, որոնք արտահայտված են նաև ԵԱՀԿ 56 անդամ պետությունների նախարարական 2008 թ. դեկտեմբերի Հելսինկիի, 2009 թ. դեկտեմբերի Աթենքի և 2010 թ. հուլիսի Ալմաթիի հանդիպումների շրջանակներում ընդունված հայտարարություններում:
Միջազգային հանրության այս բոլոր մոտեցումները լիովին համահունչ են Հայաստանի մոտեցումներին, որոնք բազմիցս հայկական կողմն արտահայտել է։
«Կարող է հարց ծագել. ինչո՞ւ են միջազգային հանրության դիրքորոշումները համընկնում մեր դիրքորոշումների հետ: Իհարկե, ոչ Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության կողմնակալ վերաբերմունքի հետևանքով, այլ այն պարզ պատճառով, որ ինչպես և մենք, միջազգային հանրությունը ևս ցանկանում է բանակցային գործընթացի շարունակումը և հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը` միջազգային մանդատով օժտված միջնորդների կողմից առաջարկված վերոհիշյալ սկզբունքների հիման վրա:
Անդրադառնալով միջազգային կարևոր ֆորումների ժամանակ ավանդույթի համաձայն Ադրբեջանի կողմից դրսևորվող ապակառուցողական դիրքորոշմանը՝ նախարար Նալբանդյանը նշել է. «Իրավացի եք, նույն ապակառուցողականությունը Ադրբեջանը դրսևորել էր նաև 2008 թ. դեկտեմբերին Հելսինկիի, 2009 թ. դեկտեմբերին Աթենքի, 2010 թ. հուլիսին Ալմաթիի նախարարական համաժողովների ժամանակ և թերևս առավել ակնհայտ կերպով՝ Աստանայում:
Խոչընդոտելով հիմնախնդրի կարգավորմանը, շարունակաբար մերժելով միջնորդների կողմից արված առաջարկները, այդ թվում՝ և այս տարվա հունիսին, հոկտեմբերին և նոյեմբերին ներկայացված տարբերակները՝ Ադրբեջանն, ըստ էության, փորձում է օգտագործել բանակցություններն իբրև շղարշ՝ նոր արկածախնդրություններ նախապատրաստելու համար: Այս մասին ԵԱՀԿ գագաթաժողովին իր ելույթում նշեց Հայաստանի Հանրապետության նախագահը»։
Ըստ Նալբանդյանի՝ ադրբեջանական իշխանություններն ամիսներ շարունակ, օրը 24 ժամ, խոսում են իրենց համբերության մասին և չեն ցանկանում գիտակցել, որ սպառվում է միջազգային հանրության համբերությունը`հանդուրժելու Ադրբեջանի սադրիչ ապակառուցողականությունը:
ԱԳ նախարարը նաև անդրադարձել է այն հարցին, որ արդեն երեկ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ներկայացված հայտարարություններում փորձ էր արվում խեղաթյուրված ներկայացնել Աստանայի հնգակողմ հայտարարությունը:
«Ադրբեջանի քարոզչության համար արդեն ավանդույթ է դարձել իր հասարակական կարծիքի համար ստեղծել փրփուրներ և փորձել կառչել դրանցից: Հայաստանը, ինչպես և նախկինում, շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ միջնորդների ներկայացրած առաջարկությունների հիման վրա»,- ընդգծել է նա։

No comments: