Report.am. 30-11-2010- Թուրք-ադրբեջանական ռազմական լուրջ համագործակցությունը թերեւս գաղտնիք չէ եւ ոչ մեկի համար, բայց հատկապես վերջին տարիներին մենք ականատեսն ենք դառնում եղբայրական երկու երկրների ռազմական համագործակցության զարգացման լուրջ միտումներին, եւ Ադրբեջանի ռազմատենչ նման պահվածքի տեսանկյունից առավել քան կարեւոր է դառնում Թուրքիայի դերակատարության եւ դրա արդյունքում մեզ սպառնացող վտանգների ճիշտ գնահատումը: “Թուրքական ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր փորձում է լուրջ դերակատարություն ստանձնել Ադրբեջանի բանակի արդիականացման, համալրման եւ սպայական կազմի վերապատրաստման գործում”,-“Արմատ” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ, թուրքագետ Լեւոն Հովսեփյանը եւ հավելեց, որ Ադրբեջանի ցամաքային զորքերի կազմավորումը պայմանավորված էր հենց Թուրքիայի գլխավոր շտաբի պետի այցով: Փորձագետը ուշադրություն է հրավիրում Թուրքիայի կողմից ադրբեջանցի զինվորականների վերապատրաստման վրա: Այսօր Թուրքիայի գրեթե բոլոր ռազմական ուսումնական հաստատություններում վերապատրաստվում են ադրբեջանական սպաներ: Միայն 2006թ.-ի դրությամբ Թուրքիայի ուսումնական հաստատություններում վերապատրաստվել է 1130 ադրբեջանցի զինվորական, իսկ Ադրբեջանի տարածքում թուրք զինվորական մասնագետների կողմից` մոտ 4000, եւ սա միայն պաշտոնական հրապարակումները: “Թուրքիան ցանկացած ճանապարհով փորձում է Ադրբեջանի ուժային համակարգում լուրջ ազդեցություն եւ լծակներ ձեռք բերել: Նման գործունեության արդյունքում այսօր Ադրբեջանում ձեւավորվում է թուրքամետ, թուրքակենտրոն, ազգայնական սպայական տարր, ինչը հետագայում առավել կառավարելի կլինի Թուրքիայի կողմից”,-հավաստիացրեց թուրքագետը եւ նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել նաեւ վերջին տարիներին երկու երկրների միջեւ ռազմաարդյունաբերության ոլորտում սկսված համագործակցությունն է:
“Վերջին տարիներին տասնյակից ավել թուրքական ռազմաարդյունաբերական ընկերություններ Ադրբեջանի հետ սկսել են իրականացնել համատեղ արտադրական ծրագրեր: 2008-2010թթ. ստորագրվեցին մի քանի տասնյակ փաստաթղթեր: Այս տարվա նոյեմբերին, երբ Թուրքիայի ՊՆ նախարարը պաշտոնական այցով Ադրբեջանում էր, մի շարք այլ փաստաթղթերի հետ մեկտեղ ստորագրվեց անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ համաձայնագիրը”,- նշեց փորձագետը եւ հավելեց, որ չի բացառվում, որ ռազմաարդյունաբերական համատեղ նախագծերի միջոցով Թուրքիան այդ քողի տակ պարզապես ռազմատեխնիկական մատակարարումներ է կատարում:
Փորձագետը հավաստիացրեց, որ թուրք-ադրբեջանական համագործակցությունն այնքան ուժեղ է, որ անգամ ինչ-ինչ գաղտնի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը գաղտնի պայմանագիր են կնքել, համաձայն որի Ադրբեջանն առանց Թուրքիայի հավանության չի կարող ռազմական գործողություններ սկսել:
Թուրքիան ոչ պակաս լուրջ ռազմական համագործակցություն է իրականացնում նաեւ Վրաստանի հետ. Վրաստանին տրամադրող ռազմական օգնության ծավալով առաջին հնգյակում է, ռազմական օգնության ծավալը գերազանցում է 55 մլն դոլարը: Այս մասին հայտնեց ռուս փորձագետ Վլադիմիր Իվանովը: Փորձագետի հավաստիացմամբ` Թուրքիայի կողմից նման մեծ ծավալի օգնությունը պայմանավորված է Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումներով: Թուրքիան ձգտում է ցանկացած հնարավոր միջոցներով ուժեղացնել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը, եւ որքան հնարավոր է` Վրաստանում շատ բնագավառներ թուրքացնել: “Քանի որ շատ վրացի սպաներ վերապատրաստման կուրսեր են անցնում Թուրքիայում, դրանով իսկ նրանք որոշ չափով դառնում են թուրքամետ, կամ թուրքական շաբլոնների, թուրքական մեթոդների կիրառման երկրպագու։ Ինչ–որ չափով դրանով նրանք ապահովում են թուրքական լոբբին Վրաստանում, որը,կարծում եմ, հետագայում կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի համար”,- ավելացրեց ռուս փորձագետը:
ԱԳՆԵՍԱ ԽԱՄՈՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment