Wednesday, December 1, 2010

Ինչպե՞ս կարգավորել ղարաբաղյան խնդիրն առանց Ղարաբաղի

Aysor.am. 30-12-2010- «ԵԱՀԿ առաջիկա գագաթաժողովը հույս է ներշնչում, որ կառույցի 56 երկրները պատրաստ են ձեռնարկել քայլեր` անելու ավելին, քան տարածաշրջանի ձգձգվող հակամարտություններում status quo-ի պահպանումն է»,- հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոն` խոսելով դեկտեմբերի 1-2-ը Աստանայում նախանշված գագաթաժողովից ակնկալիքների մասին: Վերջինիս հավաստմամբ համաշխարհային 56 առաջնորդների` Ղազախստանի մայրաքաղաքում հանդիպելու պատրաստակամությունն ինքնին խոստովանություն է, որ այդ երկրներն անվտանգության հրատապ խնդիրներ ունեն հաղթահարելու:
Եվրոպական տարածաշրջանում (լայն աշխարհագրությամբ) անվտանգության ապահովումը հենց ԵԱՀԿ ձևավորման հիմքում է եղել: Միայն թե, ժամանակի ընթացքում փոփոխվել են անվտանգության մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Աստանայի հանդիպման օրակարգում տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունների կարգավորման ուղիների մշակումն է նաև: Թերևս ԵԱՀԿ երկրների ղեկավարները չեն հավակնում նշված բոլոր վտանգները չեզոքացնելու ուղիներ մշակել մեկ-երկու օրվա ընթացքում, սակայն թվում է` բոլորն են գիտակցում դրանց դիմագրավելու` արդեն գործող մեխանիզմները թարմացնելու անհրաժեշտությունը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ևս բացառություն չէ:

Հազիվ թե որևէ մեկը դյուրահավատ է այնքանով, որ Աստանայի հանդիպումից հակամարտության կարգավորման որևէ կոնկրետ տարբերակ կամ տարր է ակնկալում: Սակայն գագաթաժողովի ընթացքում կարգավորման առավել արդյունավետ ձևաչափի մշակումը կամ գոնե այդ ուղղությամբ աշխատանքների մեկնարկն այնքան էլ անիրատեսական սպասումներ չեն:

Այն, որ Մինսկի գործընթացն այսօր էլ հակամարտության կարգավորման հարցում այնքան էլ արդյունավետ չէ, գաղտնիք չէ թերևս ոչ մեկի համար. հակամարտող կողմերում այս գործընթացից հասարակությունների դժգոհության մասին են վկայում և' ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում ներկայացված զեկույցները, և' հակամարտող կողմերում եվրոպական ընկերությունների հարցումների արդյունքները: Սակայն թերահավատությունը գործող բանակցային ձևաչափի արդյունավետության նկատմամբ չարիքի մի մասն է միայն: Մի պահ պատկերացնենք, թե բանակցությունները Մինսկի խմբի ձևաչափում ընթանում են բավականին արդյունավետ, բանակցող կողմերին (Ադրբեջան, Հայաստան) միջնորդների օգնությամբ հաջողվում է համաձայնության հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշակի տարրերի շուրջ: Ակնհայտ է, որ որոշումներ կայացնելն ու պայմանավորվածություններ ձեռք բերելն ինքնանպատակ չէ: Իսկ երբ պայմանավորվածություններն իրականացնելու ժամանակը գա, հետաքրքիր է` ինչպես են Ադրբեջանը կամ Հայաստանը պարտադրելու Արցախին ու արցախցիներին իրականացնել առանց վերջինների մասնակցության մշակված միջոցառումները: Այն, որ մարդկանց ճակատագրի տնօրինման նման մեխանիզմը ինքնին դեմ է «ժողովրդավարություն» ասվածի հենց հիմքերին (ի դեպ, կայացրած որոշումները հանրաքվեի ներկայացնելու տարբերակն ամենևին էլ չի փրկում դրությունը, քանի որ այդ դեպքում ևս արցախցիները հնարավորություն կունենան իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունն արտահայտել արդեն իսկ կոնկրետ ձևակերպում ստացած հարցի կամ հարցերի շուրջ միայն), թերևս նշելու կարիք անգամ չկա: Սակայն կա մի վտանգ ևս. բանակցային գործընթացի ցանկացած ձախողում Բաքուն պատրաստակամ է օգտագործել սեփական ագրեսիվ կեցվածքն արդարացնելու նպատակով. այդ են վկայում ոչ վաղ անցյալի փորձը և ադրբեջանական ղեկավարության հնչեցրած ամենօրյա ռազմատենչ հայտարարությունները:
«Ղարաբաղյան խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի». այս ձևակերպումը կդադարի զուտ հռետորաբանություն լինելուց, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբին ի վերջո հաջողվի իրականացնել իր առաքելությունը: Սակայն ինչպե՞ս կարգավորել ղարաբաղյան հակամարտությունն առանց այդ գործընթացին Արցախի կամ արցախցիների անմիջական մասնակցության …
ԵԱՀԿ այս գագաթաժողովը, որը հավակնում է «ձգձգվող հակամարտությունների կարգավորման մեկնարկի հարթակ» հանդիսանալ, թերևս լավագույն առիթն է բանակցային գործընթացում առաջացած աբսուրդային այս իրավիճակը վերանայելու և ԼՂՀ անմիջական մասնակցությունը սեփական ճակատագրի շուրջ բանակցություններին ապահովելու համար: Այլապես ԵԱՀԿ հաջորդ գագաթնաժողովը ևս, որը հնարավոր է` կայանա կրկին մեկ տասնամյակ անց միայն, ստիպված կլինի օրակարգային դարձնել նույն «ձգձգվող հակամարտությունների» կարգավորումը:
Աննա Մկրտչյան

No comments: