Report.am. 7-12-2010- "Սանահինի լոկոմոտիվային դեպոն սահմանամերձ դեպո է: Այն Հայաստանի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունի: 90-ականներին Արցախյան ազատամարտի ողջ ընթացքում 10 պայթյուն է եղել Մառնեուլից-Սադախլու հատվածում: Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմի ժամանակ Վրաստանի երկաթուղայինները հրաժարվում էին Հայաստանի բեռները տեղափոսխել Մառնեուլի, Շուլավերի եւ Սադախլուի ուղեմասերով, պատճառաբանելով այդ տարածքներում ադրբեջանցիների ներկայությամբ եւ նրանց նկատմամբ անհսկելիությամբ, որի հետեւանքով երկաթուղում պարբերաբար կատարվել են ահաբեկչական գործողություններ: Հայաստանի բեռնափոխադրումներն այդ իրավիճակում կատարվում էին բացառապես Սանահինի լոկոմոտիվային բրիգադների եւ դեպոյի աշխատակիցների ջանքերով",- "Ուրբաթ" ակումբում հայտարարեց Ավիկ Օհանյանը, ով 1988 թվականին Հայաստանի հյուսիս-արեւելյան շրջաններում ինքնապաշտպանական ուժերի կազմավորման ակունքներում է կանգնած եղել եւ ընկերների հետ հսկողություն է սահմանել ու ականատես եղել` ինչպես Սանահինի դեպոյի աշխատակիցները շատ օպերատիվ կերպով արձագանքել են այդ դեպքերին, եւ հզոր տեխնիկայի միջոցով արագ վերականգնել պատահարների հետեւանքները: Միայն 1994 թվականից Վրաստանի տարածքով Հայաստան բեռնափոխադրումներ կատարելու ժամանակ 23 ահաբեկչական գործողություն է իրականացվել, որոնցից 13-ը`Ադրբեջանի հետ զինադադարի ստորագրումից հետո: Ահաբեկչական գործողությունների ժամանակ պայթեցվել են ջերմաքարշեր, վագոններ, վառելիքով լի ցիստեռններ, ուղեմասերի գծահատվածներ, կամուրջներ եւ բոլոր պայթեցումների հետեւանքները արագ վերացվել են, տեղեկացրեց Ավիկ Օհանյանը` նշելով, որ 120 տարվա պատմություն ունեցող դեպոյի լուծարումը լուրջ վնաս է հասցնում երկրի անվտանգությանը:
Նշենք, որ դեպոյի լուծարման որոշումը "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ն կայացրեց ընթացիկ տարվա նոյեմբրի 1-ին` տնտեսական խնդիրների պատճառաբանությամբ:
"Վերացնելով Սանահինի դեպոն եւ նրա որոշակի գործառույթները տալով Գյումրիի դեպոյին` "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ը ղեկավարությունը, տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, նվազագույնը զրկում է Հայաստանին Վրաստանի տարածքով Հայաստան մտնող բեռնափոխադրումների խափանումները շտկելու եւ կանխարգելելու օպերատիվ միջամտությունից: Ընկերության ղեկավարները սին խոստումներ են տվել, որ տարածքում ինչ-որ արտադրամաս է հիմնվելու, որն ապահովելու է անհրաժեշտ քանակի աշխատատեղերը",- հայտարարեց Ավիկ Օհանյանը, ով կոչ արեց իշխանություներին, "որոնց մարտավարությունը մինչ այս եղել եւ մնում է լռությունը եւ իրավիճակին համակերպվելը", համապատասխան արձագանք հնչեցնել խնդրի առնչությամբ: "Կոչ եմ անում իշխանություններին` ցույց տալ եւ բարձրաձայնել, թե ինչ է անում այս խնդրի առնչությամբ: Ի վերջո, եթե իրենց տնտեսապես ձեռնտու չէ, մեզ էլ ռազմավարապես ձեռնտու չէ: Այդպիսով կրկին վտանգվում է ՀՀ ազգային անվտանգությունը",- եզրափակեց Ավիկ Օհանյանը:
ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment