Հայաստանն աութսայդեր է. Լևոն ԶուրաբյանԱստանայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության շուրջ Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են իրենց մեկնաբանությունները: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ հայտարարությունը չի բխում Հայաստանի շահերից, քանի որ «Հայաստանն ընդունեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորել տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»:
-Պարոն Զուրաբյան, ինչպե՞ս եք գնահատում Աստանայի հայտարարությունը։
-Բացի այն, որ հայտարարությունում հղում է արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը, Հելսինկյան եզրափակիչ ակտին, հղում կա նաև 2009թ. հուլիսի 10-ի Աքվիլայում և 2010թ. հունիսի 26-ի Մուսկոկում նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի արած հայտարարություններին։ Ի՞նչ է սա նշանակում։ Եթե հիշում եք, և՛ Մուսկոկում, և՛ Աքվիլայում արված հայտարարություններում խոսվում է այն մասին, որ հայկական ուժերը պետք է ազատեն Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքները։ Իսկ Մուսկոկի հայտարարության մեջ այդ տարածքներն անվանված են «օկուպացված տարածքներ»։ Հետևաբար, ստորագրելով մի հայտարարություն, որտեղ հղում կա այնպիսի փաստաթղթերի, որոնք խոսում են «օկուպացված տարածքների» և դրանք ազատելու մասին, նշանակում է համաձայնել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել այդ տրամաբանության շրջանակում։ Նույն բանը մեկ տարի առաջ Հայաստանի դիվանագիտությունն արել էր Աթենքում՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ, սակայն այնտեղ խոսքը վերաբերում էր միայն Աքվիլայի հայտարարությանը, որտեղ «օկուպացված տարածքներ» ձևակերպումը չկար։ Երկրորդ բանը, որը կցանկանայի նշել, այն է, որ մեկ տարի առաջ նախարարների մակարդակով, իսկ այս տարի նախագահների մակարդակով Հայաստանն ընդունեց այն, ինչը երկար ժամանակ պարտադրվում էր միջազգային հանրության կողմից։ Այսինքն՝ Հայաստանը ընդունեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորել տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Սա այն է, որը 1996թ. նույնպես փորձ արվեց պարտադրել Հայաստանին, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ կիրառեց վետոյի իր իրավունքը։ Այսօր նույն մոտեցումը, մի քիչ այլ կերպ ձևակերպված, ընդունվեց Սերժ Սարգսյանի կողմից։ Չնայած սրան՝ ռեժիմի քարոզիչները մեզ փորձում են բացատրել, թե խոսքը միայն տարածքային ամբողջականության մասին չէ, այլ ինքնորոշման իրավունքի։ Նրանք այս ամենը ներկայացնում են այնպես, թե առաջին անգամ է, որ այսքան բարձր մակարդակով խոսվում է ինքնորոշման իրավունքի մասին։ Սա բացարձակ սուտ է, քանի որ ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության համատեքստում միշտ էլ ընդունվել է միջազգային հանրության կողմից։ Ավելին՝ այն ընդունվել է նաև Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը միշտ էլ ասել է. «Ինքնորոշվեք, սակայն իմ տարածքային ամբողջականության սահմաններում»։ Տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի համաժամանակյա կիրառումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի գոյություն Ադրբեջանի կազմում։
-Եթե ամեն բան հենց այնպես է, ինչպես որ ներկայացնում եք, ապա, ըստ Ձեզ, ինչո՞ւ Ալիևը Սարգսյանին ուրախությամբ հանդիպելու փոխարեն, խուսափեց հանդիպումից։
-Շատ պարզ պատճառով՝ Ալիևը հավակնում էր ավելիին։ Ալիևին պետք է ոչ միայն Ադրբեջանի համար ընդունելի տարբերակով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու Սերժ Սարգսյանի սկզբունքային համաձայնությունը, այլև հստակ առաջընթաց, օրինակ՝ շրջանակային համաձայնագրի ստորագրում կամ ճանապարհային քարտեզ, որը կսահմաներ հայկական զինված ուժերի դուրսբերման քայլերի հերթականությունը։ Հնարավոր է՝ Ալիևը հրաժարվեց Սարգսյանի հետ հանդիպելուց, քանի որ չստացավ այդ կոնկրետ ժամանակացույցը։ Ես չեմ բացառում նաև մեկ այլ հնարավորություն, որն ավելի հավանական է. Հայաստանի ազդեցությունը, ռազմաքաղաքական նշանակությունը գնալով պակասում է, իսկ Ադրբեջանինն ամեն օր աճում է։ Սրանում համոզվելու համար պետք է պարզապես վերցնել 1998-2010 թթ. միջազգային ատյաններում ընդունված փաստաթղթերը և տեսնել, թե ինչ էվոլյուցիա են ապրել ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող փաստաթղթերը։ Նախկինում միջազգային հանրությունը չէր խոսում Ադրբեջանի տարածքների օկուպացիայի մասին, նախկինում Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիահավասար մասնակից էր, և ԵԱՀԿ-ի բոլոր փաստաթղթերում նշվում էր, որ ԼՂ-ն, Հայաստանը և Ադրբեջանը այսինչ կամ այնինչ բանակցություններն են վարել և ունեն այսպիսի դիրքորոշումներ։ Այսօր ԼՂ-ն՝ որպես իրավաքաղաքական սուբյեկտ, այլևս բացակայում է, իսկ ԵԱՀԿ փաստաթղթերում հակամարտության կողմեր են ներկայացվում Հայաստանը և Ադրբեջանը։ Այսօր ԼՂ-ն ռազմաքաղաքական ինքնուրույն միավորից վերածվել է վիճելի տարածքի։ Սա Հայաստանի դիվանագիտության ամենածանր կորուստն է։ Այս ամենը տեսնում է Ալիևը, և նրա ախորժակն աճում է, ուստի նա անում է զանազան դեմարշեր՝ ավելին կորզելու համար։
-Եթե Հայաստանի դիրքերը, ըստ Ձեզ, թուլանում են, ապա ինչո՞ւ ԵԱՀԿ-ում չընդունվեց ճանապարհային քարտեզ, կամ չստորագրվեց շրջանակային համաձայնագիր։
-Նախ սկսենք այն բանից, որ ԵԱՀԿ գագաթաժողովը ցույց տվեց, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունների կարգավորման հարցում կան լրջագույն հակասություններ։ Ռուսաստանը, նախկին խորհրդային հանրապետություններն իր ստրատեգիական շահերի տարածք համարելով, հավակնում է ստանձնել այդ տարածքների հակամարտությունների կարգավորման դերը։ Սա չի ընդունվում Միացյալ Նահանգների կողմից։ Այս հարցում ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն ամեն բան անում են, որ Ռուսաստանի դերը հակամարտությունների կարգավորման գործում չհաստատվի որպես բացառիկի։ Եվ այն հանգամանքը, որ ԵԱՀԿ-ում որևէ հակամարտության հարցի շուրջ այս գերտերություններն ընդհանուր հայտարարի չեկան, բացատրվում է հենց նրանով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կան հակասություններ, որոնք սրվել էին Աստանայից առաջ։
-Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված է ոչ թե հայ-ադրբեջանական, այլ ռուս-ամերիկյան փոխհամաձայնությունից։
-Այո, ներկա վիճակում դա այդպես է, սակայն եկեք, չմոռանանք, որ իրավիճակները փոխվում են։ Ռուսաստանը ցույց է տվել, որ Հարավային Կովկասում պատրաստ է չափազանց լուրջ միջամտությունների, այդ թվում՝ ռազմական, իսկ Արևմուտքը, այս պահին զբաղված լինելով Իրաքում և Աֆղանստանում չափազանց ծանր ռազմական արշավներով, չի կարող նույն արդյունավետությամբ և վճռականությամբ միջամտել հարավկովկասյան գործերին։ Այսինքն՝ ի վերջո, եթե չեն գործում բազմազգ ինստիտուտները, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, ապա գործը կարող է հասնել գերտերություններից մեկի կողմից այնպիսի մի քայլի, որը պարտադիր չէ, որ համաձայնեցված լինի մյուսի հետ։ Երկրորդ խնդիրն այն է, որ այսօրվա ռեժիմը չի տալիս ամենակարևոր հարցի պատասխանը. մեր պետականության ամենակարևոր հարցն Ադրբեջանի աճող ռազմաքաղաքական նշանակության մարտահրավերն է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հավասարակշռությունը, որը կար 90-ական թվականներին, այսօր անշեղորեն և արագ փոխվում է հօգուտ Ադրբեջանի։ Ապավինել այն հանգամանքին, որ միջազգային անվտանգության համակարգը, որը ստեղծված է Ղարաբաղի շուրջ և զսպում է Ադրբեջանին, կշարունակի հետագայում նույնպես արդյունավետորեն կանխել Ադրբեջանի ագրեսիան, պարզապես անհիմն ու թեթև մոտեցում է։ Այսինքն՝ աճող անհավասարակշռությունը կարող է մի այնպիսի սահմանի հասնել, որ եթե անգամ հնարավոր լինի պատերազմը կանխել, ապա դրա համար միջազգային հանրությունը ստիպված կլինի հագուրդ տալ Ադրբեջանի աճող նկրտումներին։ Ահա այս զարգացմանը ռեժիմը որևէ պատասխան չի տալիս։
«Կապիտալ» օրաթերթ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment