Saturday, December 11, 2010

Հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ Եվրոմիության տեսակետը կամ որտեղից է ճամփա ընկել Ցյուրիխի ուրվականը

I. Եվրոխորհրդարանի 1987-ին ընդունած Բանաձևի դրույթներն ու դրանց մերօրյա արձագանքները:
Եվրոխորհրդարանը Հայկական հարցի վերաբերյալ իր տեսակետն արտահայտել է 1987 թվականի հունիսի 18-ին ընդունած Բանաձևի միջոցով: Բանաձևը, որ կրում է “Հայկական հարցի քաղաքական լուծան մասին” հավակնոտ անվանումը’ այդ հարցով Եվրոմիության ընդհանուր տեսակետի խմբագրված ու ի մի բերված արտահայտությունն է: Ստորև մեջբերում ենք փաստաթղթի առաջին երեք հոդվածները և ընդգծում այն հատվածները, որոնցում կատարվել են հիմնական շեշտադրումները.
“Եվրոպական պառլամենը…
1. Այն կարծիքն Է հայտնում, որ Հայկական հարցը, ինչպես նաև Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հարցը պետք Է քննարկվեն Թուրքիայի և Եվրոպական Տնտեսական Համագործակցության միջև գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակներում, ընդգծում Է, որ դեմոկրատիան կարող Է արմատապես հաստատվել մի երկրում այն պայմանով միայն, եթե այդ երկիրը ճանաչի և հարստացնի իր պատմությունը իր Էթնիկական և մշակութային այլազանությամբ:
2. Գտնում Է, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն “Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին” Կոնվենցիայի, ընդունված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:
Նշում Է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար և ամենայն հաստատակամությամբ ընդգծում Է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության’ առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որևէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ:
3. Պահանջում է (Եվրոպական) Խորհրդից ճնշում գործադրել ներկայիս թուրքական կառավարության վրա, որպեսզի վերջինս ճանաչի 1915-1917 թվականների հայերի հանդեպ կազմակերպված ցեղասպանությունը և այդպիսով նպաստի քաղաքական երկխոսության հաստատմանը Թուրքիայի և հայերի լիազոր պատվիրակների միջև” (1):
Նախադասությունները որքան էլ մանվածապատ, այնուհանդերձ մտքերը հստակ են արտահայտված, որտեղից էլ պարզ է դառնում Եվրոխորհրդի տեսակետը Հայկական հարցի լուծման ուղիների վերաբերյալ: Դրանք են’
-Հայոց ցեղասպանության ճանաչում, բայց ոչ մի քաղաքական, իրավական, նյութական պահանջ,
- Հայկական հարցը’ որպես Թուրքիայում ազգային փոքրամասնության հարց,
-Թուրքիայի ներկայիս կառավարության վրա ճնշելու միջոցով քաղաքական երկխոսության հաստատում Թուրքիայի և հայերի լիազոր պատվիրակների միջև:
Ուշադրություն դարձնենք, որ արևմտյան քաղաքական վերնախավը, մինչև անգամ ԱՄՆ նախագահական թեկնածուներն ու նախագահները գործածում են Բանաձևում արտահայտված “ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917 թվականներին” տերմինաբանությունը:
Ուստի և չզարմանանք, որ ամենատարբեր քաղաքական շրջանակներից հնչեն նրբերանգներով տարբեր, սակայն ոճաբանությամբ հար և նման մտքեր: Օրինակ վերջերս, նոյեմբերի 22-ին’ Ստրասբուրգում, Եվրոխորհրդի փոխնախագահ Լասլո Տոկեշը կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ավելին’ առաջարկում էր Եվրոմիության անդամ երկրների կողմից ցեղասպանության միասնական ճանաչում… սակայն եկեք ժամանակից շուտ չօգևորվենք և խոսքը տանք եվրոպական պաշտոնյային. “Խորապես համոզված եմ, որ Եվրոխորհրդարանը չի կարող լռել Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ: Համաձայն 1987-ի հունիսի 18-ին իր իսկ ընդունած բանաձևին’ Խորհրդարանը պետք է հիշի ցեղասպանության մասին, որը խլեց 1,5-2,5 մլն անմեղ քաղաքացիների կյանք, և պետք է դատապարտի 1915-ին Օսմանյան կայսրության կողմից հայկական փոքրամասնությունների և քրիստոնեական համայնքի նկատմամբ իրականացված հավաքական հանցագործությունները: Եվրոխորհրդարանը նույն կերպ վարվեց Հոլոքոստի և կոմունիստների ցեղասպանության ժամանակ”: “Մինչ այս պահը, 22 անկախ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը’ որպես պատմական փաստ”: “Ցավալի է և տխուր, որ Եվրոխորհրդարանի անդամ Մորթեն Մեսսերշմիդտի նախաձեռնությամբ գրված հռչակագիրն այս տարի (16/2010) բավարար աջակցություն չգտավ Խորհրդարանի անդամների կողմից: Այսպիսով’ ես խնդրում եմ նախագահ Եժի Բուզեկին նախաձեռնել ԵՄ անդամ երկրների կողմից Հայոց ցեղասպանության միասնական ճանաչումը, ցեղասպանությունը ժխտելու մեղավորությունը և, վերջապես, այս գործի պարտադիր ընդգրկումը Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ տարվող բանակցություններում” (2):
Ձեզ չի թվում, թե Եվրոխորհրդարանի ընդունած Բանաձևն եք կարդում: Չեք սխալվում մտքերն ու տեսակետները նույնն են: Ահա թե որտեղ են թաքնված Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների զսպանակները, ահա թե որտեղից են վերախմբագրված այդ Արձանագրություններում տեղ գտած դրույթները: Մինչդեռ փորձում էին համոզել, որ դրանք ի հայտ են եկել Հայաստան-Թուրքիա բարդ ու դժվարին բանակցությունների ու զգալի փոխզիջումների արդյունքում: Փոխզիջումները, ավելի ճշգրիտ’ զիջումները, ինչպես Մադրիդյան սկզբունքների պարագայում, վերաբերում են Հայաստանին: Այս դեպքում Թուրքիայի զիջումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելն է… առանց դրան հաջորդող քաղաքական, իրավական, նյութական հետևանքների, ինչպես Ադրբեջանի պարագային, ընդամենը, ԼՂՀ նոր հանրաքվեի փաստի հետ համաձայնվելը:
Հիմնական եզրակացություն անելուց առաջ նայենք, թե այս ամենի մասին որն է Թուրքիայում ապրող քրդերի տեսակետը. “Հայերը մորթվեցին մեր ձեռքով”. քուրդ քաղաքական գործիչ: Դիարբեքիրի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Գալիփ Էնսարիօղլուն, հանդես գալով Ստամբուլում կազմակերպված “Քրդական սեմինարում”, անդրադարձ է կատարել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում իրականացված գազանություններին. “Ընդհանուրի մեջ մենք էլ մի քիչ մեր մեղքի բաժինն ունենք: Մենք’ քրդերս, իթթիհատականների ազգային պետության ստեղծման ժամանակ գլուխներս կորցրինք և հայերի ու ոչ մուսուլմանների հանդեպ իրականացված բռնությունների ժամանակ ոչ միայն դիտորդի դերում չմնացինք, այլև’ գործիք դարձանք իթթիհատականների ձեռքում: Այն ժամանակ այս հողերում բնակվողների 25 տոկոսը կազմում էին ոչ մուսուլմանները: Հայերը մեր ձեռքով մորթվեցին”: Իր եզրափակիչ խոսքում Էնսարիօղլուն անդրադարձել է Թուրքիայում քրդական հարցի ներկայիս խնդիրներին. “Քրդական հարցն այսօր Թուրքիայի ամենակարևոր հարցերից մեկն է, որի լուծման խնդիրը չի կարելի անտեսել: Եթե մենք չլուծենք այդ խնդիրը, ապա այն կվերածվի մեր գլխին նոր փորձանքներ բերող խնդրի: Այն արդեն ոչ միայն քրդերի խնդիրն է, այլ Թուրքիայում բնակվող յուրաքանչյուրի խնդիրը” (3):
Ուշադրություն դարձնենք ձևակերպմանը’ “Այն ժամանակ այս հողերում բնակվողների 25 տոկոսը կազմում էին ոչ մուսուլմանները”: Այսինքն, կրկին դրվում է ազգային փոքրամասնության խնդիր, որը կարող է առաջադրել ինչ-ինչ մշակութային և այլ տեսակի պահանջներ, սակայն ոչ տարածքային: Այս դեպքում նույնպես առկա է Եվրոխորհրդարանի Բանաձևի թելադրանք-ուղղորդումը, և հնարավոր է ոչ միայն որպես տեսակետ, այլև որպես գործնական քաղաքական համագործակցություն և նախօրոք մշակված ծրագիր:
Կարելի է եզրակացնել, որ Եվրոպայից ու Թուրքիայից հեռու-հեռուներում, ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսը նույնպես քաջածանոթ էր Եվրոպական պառլամենտի Բանաձևի թելադրանքին, այլապես այսքան վստահ ու կտրուկ չէր արձագանքի. “Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հանդեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ” (4):
Այս դեպքում Ռալֆը հանդես է բերել պաշտոնյային ոչ միշտ հատուկ նախաձեռնություն և հանդգնություն. բոլորին արդեն հայտնի ու գործածական ողբերգություն եզրը իր իսկ կամքով փոխելով չարագործություն եզրով: Արդյոք’ չափը չի անցել, չէ որ չարագործությունից հանցագործության պատճառահետևանքային կապ է բացահայտվում: Մնացյալում’ ինչպես իր պաշտոնակիցները, բացառելով տարածքային պահանջների հարցը:
Քանի որ քուրդ պաշտոնյայի խոսքը հիշեցինք, մեջբերենք նաև Ռալֆի տեսակետը քրդերի հարցում. “Բալկանյան լեռների և Հիմալայների արանքում գտնվող ամենամեծ սահմանային անարդարությունը անկախ քրդական պետության բացակայությունն է”:
Միայն թե Ռալֆը չկարծի, թե դա հնարավոր է իրականացնել բուն հայկական տարածքների հաշվին, և լավ է, որ Ռալֆը չի գործածել “Վանկուվերից մինչև Վլոդիվոստոկ” եզրը, թե ոչ ինչ պատասխան էր տալու Աստանային:
II. Հայկական հարցի պատմական, քաղաքական և իրավական իրողություննները:
Նախ ամեն անգամ ավելորդ չէ հիշել և հշեցնել, որ’
1. Հայկական լեռնաշխարհը’ Հայոց հայրենիքը, հայության ազգային սեփականությունն ու հարստությունն է, և ենթակա չէ յուրացման որևէ մեկի կողմից:
2. Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ իրականացված հանցագործություն է, որի նկատմամբ վաղեմության ժամկետ չի գործում, և Թուրքիայի Հանրապետությունը’ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պատասխանատու է դրա համար, այդ թվում և տարածքային փոխհատուցման, այսինքն’ ցեղասպանության հետևանքների վերացման խնդրում:
3. Հայոց անժամանցելի իրավունքներն անտեսելու, շրջանցելու, խեղաթյուրելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, ինչքան էլ միջոցներ ու ներուժ գործածվեն ու փոշիացվեն այդ ուղղությամբ, որովհետև հայությունը վերականգնելու է ինչպես իր բոլոր իրավունքները, այնպես էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Ըստ այդմ նաև հստակեցնել, որ’
ա/ Արևմտյան շատ պաշտոնյաներ, այս դեպքում, մասնավորապես, Եվրոպական պառլամենտի Բանաձևի հեղինակները, փորձագետներն ու դրան կողմ քվեարկած պատգամավորները ակնհայտորեն գերազանցել են իրենց լիազորությունները’ ստանձնելով Թուրքիայի փաստաբանի դեր:
բ/ Ավելին, պրակտիկան ցույց է տալիս, որ արևմտյան շատ պաշտոնյաներ կամ տեղյակ չեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին, ինչը ուղղակի նշանակում է թե’ չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին,
գ/ կամ գիտակցաբար գործում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ու նորմերի դեմ, ինչն իր հերթին նշանակում է թե’ իրենց գործունեությունը առնչվում է հանցագործության փաստին:
III. Եվրոխորհրդարանի Բանաձևից բխող սպառնալիքները չեզոքացնելու ճանապարհը:
Կարծում ենք, կարելի է և պետք է միջազգային դատարանում վիճարկել Եվրոխորհրդարանի 1987թ. հունիսի 18-ի Բանաձևում տեղ գտած անընդունելի այն դրույթները, որոնք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին, և պահանջել վերաշարադրել Բանաձևի հոդվածները’ ըստ Հայկական հարցի իրավական, քաղաքական-քաղաքակրթական ու պատմական-մշակութային իրողությունների, համաձայն’ միջազգային իրավական հիմնարար սկզբունքների ու նորմերի: Այլապես, առաջիկայում’ Եվրոմիության դիրքորոշումները Հայաստանին, ԼՂՀ-ին և Հայկական հարցին վերաբերող հարցերում չեն փոփոխվելու:
Ծանոթագրություն
1. Տես, “Հայկական հարցի քաղաքական լուծման մասին” Եվրոպական պառլամենտի Բանաձևը, 18 հունիսի, 1987թ.: “Ուխտ Արարատի”, թիվ 1/19, 2010թ., էջ 10-11: /Տես, http://Oukhtararati.com/amsagrer/
2. Տես, Henaran.am, 25.11.2010թ.:
3. Տես, Henaran.am, 05.12.2010թ.:
4. Տես, Ռալֆ Պիտերս, “Միջին Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների”, “Ազգ” օրաթերթ, 25.08.2006թ.:
«Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնություն

No comments: