Saturday, December 11, 2010

Մարդու իրավունքները Հայաստանում ցեխի արժեք ունեն. ընդդիմությունը երթ է սկսել

Tert.am. 10-12-2010- «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը տոն է, որի կարիքն ունեն հատկապես այն երկրները, որտեղ մարդու իրավունքներն ունեն ցեխի արժեք։ Հայաստանը դասվում է այդ երկրների շարքը»,- այսօր Սարյանի արձանի մոտ ընդդիմության երթից առաջ հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։
Հայ ազգային կոնգրեսը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Սարյանի արձանի մոտից երթ է սկսել դեպի Հյուսիսային պողոտա։ Մինչև երթը սկսվելը, հավաքվածների առջև ելույթներով հանդես եկան ՀԱԿ անդամները։
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանվում են ոչ թե դատարաններում կամ պետական այլ կառույցներում, այլ հրապարակներում և փողոցներում։
«Երեք օրում ազատ է արձակվել 2 քաղբանտարկյալ՝ Գաբրիել Գաբրիելյանը և Ֆելիքս Գևոգյանը»,- հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը՝ շեշտելով, որ նոր ազատված իրենց ընկերները կրկին «զինվորագրվել» են համաժողովրդական շարժմանը։
Հավաքին ներկա էին նաև օրերս ազատված նախկին քաղբանտարկյալները, ովքեր շնորհակալություն հայտնեցին իրենց համակիրներին հանուն քաղբանտարկյալների ազատության պայքարելու համար։
«Ցավոք, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն աղետալի վիճակում է»,- իր ելույթում հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։
Նա նշեց, որ «երկրում ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ միայն ավազակապետությունն է, այլև հասարակությունը, որը 10 տարի շարունակ հանդուրժել է ստեղծված իրավիճակը»։
«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնում եք միայն դուք։ Ուրիշ որևէ այլ մարմին, որևէ այլ անձ չկա»,- ներկաներին դիմեց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը՝ հույս հայտնելով, որ հեռու չէ այն օրը, երբ ազատ կարձակվեն նաև մյուս քաղբանտարկյալները։
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը շտկեց Գագիկ Ջհանգիրյանին՝ նշելով. «Վերջին երեք օրում ազատ է արձակվել 2 քաղբանտարկյալ և մեկ քաղաքապետ»։
Հայտարարությանը բուռն արձագանքեցին հավաքվածները՝ հուշելով, որ արդարադատության նախարարի պաշտոնանկությունը ևս հաջողություն է։
Լևոն Զուրաբյանը հայտարարեց նաև, որ քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո իրենց հաջորդ խնդիրը մամուլի և հեռուստատեսության ազատության համար պայքարն է լինելու և ժողովրդին սեփական իշխանությունն ընտրելու իրավունքը վերադարձնելը։
Երթն այս պահին ընթանում է Մաշտոցի պողոտայով, մասնակիցներին ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ։ Երթի մասնակիցները՝ բացականչելով «Պայքար-պայքար, մինչև վերջ», քաղբանտարկյալների նկարները պարզած և թմբուկներ նվագելով շարժվում են դեպի Հյուսիսային պողոտա։

No comments: