Wednesday, December 1, 2010

Ղարաբաղն ու ԵԱՀԿ նոր գագաթաժողովը. հնարավո՞ր է բացարձակ մերժումներով լուծել կոնֆլիկտը

Report.am. 30-11-2010- Ձեզ ենք ներկայացնում Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ, դեսպան, 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի` "Նեզավիսիմայա գազետա" պարբերականում հրապարակված հոդվածի առավել ուշագրավ հատվածները:
Դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա ԵԱՀԿ անդամ 56 երկրների ղեկավարների ու կառավարության ներկայացուցիչների խորհրդակցություն: Նման գագաթաժողովներն (վերջինը տեղի է ունեցել Ստամբուլում 1999 թվականին) այդ կազմակերպության վերին ատյանն են համարվում: Այս գագաթաժողովի գլխացավանքը մի շարք կոնֆիլկտներն են: Դրանց մեխը` Ղարաբաղյան հակամարտությունը, որտեղ իրավիճակն ավելի է սրվել: Այդ լարվածությունը հիմնականում մեծացնում է Բաքուն` սպառազինությունների մրցարշավով, ուժ գործադրելու պարբերական սպառնալիքներով ու շփման գծում զինված միջադեպերով:
...Այսօր Հայաստանը ծանր ժամանակ է ապրում` սոցիալ-տնտեսական եւ ներքաղաքական առումով: Սակայն դրսի ճնշումները հակառակ էֆեկտն են առաջացնում`էլ ավելի սրելով զիջումների անպատրաստ հասարակության տրամադրությունները, ինչը բարդացնում է բանակցությունները եւ խանգարում երկրի ղեկավարությանը` ճկունություն դրսեւորել: Բանակցային սեղանից հեռացումը վատ տրամադրությունների պատճառ է դարձել նաեւ Լեռնային Ղարաբաղում: Հայ ռադիկալների հավակնությունները գրաված տարածքների նկատմամբ եւ նրանց կոշտ պատասխանները Բաքվին ոչ թե ուժեղացնում, այլ թուլացնում են հայերի դիրքերը միջազգային կառույցներում: Երեւանը բավարար հաստատակամությամբ չի առաջ քաշում իր առաջարկությունները, որքան էլ դրանք իրավացի են լինում:
Աստանայից առաջ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շարունակում են ջանք գործադրել, որպեսզի մոտեցնեն կողմերի դիրքորոշումները հիմնական սկզբունքների շուրջ եւ հասնել եթե ոչ առաջընթացի, ապա գոնե տեղաշարժի: Մեթոդական կարեւոր դեր կարող են ունենալ տարբեր սկզբունքների կատարման ժամկետների որոշումը: "Ճանապարհային քարտեզն" օգտակար կլինի քայլերի հերթականության պահպանման եւ պատճառահետեւանքային կապի ապահովման առումով, սակայն նման քարտեզի մշակման եւ իրականացման համար առնվազն անհրաժեշտ է փոխադարձ վսահություն: Բայց կա՞ արդյոք այդ վստահությունը:
Վերջին շրջանում Բաքուն հայկական կողմից պահանջում է ընդունել Մադրիդյան նորացված սկզբունքները, որոնց ինքը համաձայն է "որոշ բացառություններով": Ու եթե Բաքուն այդ բացառությունների մեջ թաքցնում է ԼՂ կարգավիճակը, ապա նրա համաձայնությունն ուղղակի առասպելի է նման: Ձգտելով ներգործել Հայաստանի եւ ողջ Եվրոպայի վրա` Բաքուն հասկացնել է տալիս, որ իբր Աստանայում կվճռվի նոր պատերազմ լինել-չլինելու հարցը: Հանուն նրա, որ ցուցադրվի, որ ստատուս-քվոն անընդունելիէ իր համար, Բաքուն վաղուց մերժում է բոլոր կառուցողական առաջարկներն ու քայլերը` իբր դա կարող է ցանկալի արդյունք տալ: Նման փաստերի հավաքածուն ուղղակի տպավորիչ է: Պատերազմի տարիներին Ադրբեջանը մի քանի անգամ հրաժարվում էր հրադադարի առաջարկից, հետո` ՀՀ եւ ԼՂ-ի հեր որեւէ շփման մեջ մտնելուց, դիպուկահարներին շփման գծից հեռացնելուց եւ այլն: Այս ամենը նշանակում է 1995 թվականին ամրագրված հրադադարի խախտում: Բոլորին է հայտնի Ադրբեջանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի շուրջ: Բաքուն վաղուց եւ համակարգային ձեւով աչքի է ընկնում կառուցողականության դեֆիցիտով: Դա կարող են գնահատել եւ Աստանայում` նույնիսկ դա չարտացոլելով ամփոփիչ փաստաթղթում:
Պատերազմներն ու տոտալ նեգատիվիզմն օտար են ԵԱՀԿ-ին: Նույնիսկ իր անվան համաձայն` կառույցը կոչված է հասnել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության:

No comments: