«ԱԶԳ», 14-12-2010- Վրաստանը դեռեւս չի կողմնորոշվել մայրուղային գազատարի վաճառքի հարցում: Ու չնայած Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը հետաքրքրություն է արտահայտել «Հյուսիս-հարավ» մայրուղային գազատարի վրացական հատվածը ձեռք բերելու առնչությամբ, վրացական կառավարությունը տեղեկացնում է, թե դեռ ոչինչ որոշված չէ:Ըստ վրացական լրատվամիջոցների, վրաց փոխարտգործնախարար Նինո Քալանթաձեն հայտարարել է, թե կառավարությունը դեռեւս չի ձեւավորել իր դիրքորոշումը գազամուղի վաճառքի հարցում:
Միեւնույն ժամանակ, վրացի փոխարտգործնախարարը նշել է, թե Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը Վրաստանում բավականին մեծ եւ հաջողված նախագծեր է իրականացրել: «Մայրուղային գազատարի առնչությամբ որոշումը կարող է ընդունվել` ելնելով երկու երկրների շահերից», ասել է Քալանթաձեն:
Նշենք, որ հիշյալ գազատարի գնման կապակցությամբ հետաքրքրություն էր արտահայտել ադրբեջանական ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը , հայտարարելով, թե այդ գազատարը կարող է օգտագործվել ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով եւ Սեւ ծովով Ռումինիա հասցնելու ծրագրի իրականացման համար: Մինչդեռ չպետք է մոռանալ, որ առավելապես ադրբեջանական հանրույթի` վրացական գազատարի ձեռքբերման առնչությամբ արված հայտարարությունները վերաբերում են ոչ թե կոնկրետ ծրագրերի, այլ Հայաստանի վրա ճնշման նման լծակ ունենալու տարբերակին:
Եթե ելնենք Քալանթաձեի խոսքերից, ապա հավանականությունը մեծ է, որ այդ գազատարը կարող է ձեռք բերել հենց ադրբեջանական ընկերությունը: Մյուս կողմից, սակայն, հաշվի առնելով վրաց-ադրբեջանական համադաշնություն ստեղծելու առնչությամբ նույն Քալանթաձեին իր վերադասի կողմից հիմար վիճակի մեջ դնելու պրակտիկան, գուցե թե այս դեպքում էլ նրա խոսքերը իրականության հետ առանձնակի կապ չունեն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment