Tuesday, December 14, 2010

Հուշարձանագետ. Ծափահարենք թուրքերին, որ հայկական եկեղեցիները քանդելու փոխարեն սկսել են վերանորոգել դրանք

News.am. 14-12-2010- Ճիշտ է, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին դեռ վերանորոգման փուլում է, սակայն արդեն ակնհայտ է, որ թուրքերն այդ ուղղությամբ բավական լավ աշխատանք են տարել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը՝ խոսելով 2011-ին բացվելիք եկեղեցու մասին։
«Եկեղեցին տեսել եմ վերականգնումից առաջ, իսկ վերականգնման ընթացքը տեսել եմ լուսանկարներով։ Մոտ երեք տարի առաջ, երբ Դիարբեքիրում էի, Սուրբ Կիրակոսի պատերը դեռ կանգուն էին, բայց ծածկն ամբողջությամբ փլված էր։ Թեպետ չգիտեմ՝ հայ մասնագետ ներգրավված եղե՞լ է, արդյոք, վերականգնման աշխատանքներում, սակայն լուսանկարները դիտելով՝ պատկերացում ես կազմում, որ եկեղեցու վերանորոգման ուղղությամբ բավական լավ աշխատանք է տարվել։ Ծափահարենք թուրքերին, որ հայկական եկեղեցիները քանդելու փոխարեն սկսել են վերանորոգել դրանք։ Իրենք իրենց շվաքի վրայից թռել են, ինչի համար պետք է շնորհավորել նրանց»,- ասաց Սամվել Կարապետյանը։
Հարցին, թե Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսի՝ հաջորդ տարի կայանալիք բացմանը թուրքերը այնպիսի աղմուկ կբարձրացնե՞ն, ինչպիսին բարձրացրեցին Աղթամարի Սուրբ Խաչի պատարագի ժամանակ, հուշարձանագետն ասաց. «Մենք պետք է հասկանանք, որ աղմուկի մեծ բաժինը հենց մենք ենք հանում։ Այնինչ կամաց-կամաց պետք է վարժվենք Արեւմտյան Հայաստանում հուշարձանների վերականգնման փաստի հետ, որովհետեւ դա թուրքերի պարտականությունն է։ Ոչ մի աղմուկի կարիք էլ չկա, վերականգնել են, լավ են արել, իրենց պարտքն են կատարել, այլ ոչ թե մեզ նվեր են մատուցել»,- նշեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հ/կ ղեկավարը։
Նշենք, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին բախտի քմահաճույքին է թողնվել 1980 թվականից ի վեր։ Ավելի ուշ, եկեղեցին վերանորոգելու համար Ստամբուլում ապրող դիարբեքիրցի հայերը ստեղծել են «Սուրբ Կիրակոս» հիմնադրամը։ 2,5 մլն դոլար արժողությամբ վերանորոգման ծախսերի 70 տոկոսը իր վրա է վերցրել հայկական հիմնադրամը, իսկ 30 տոկոսը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։
Բացի այդ, Սուրբ Կիրակոսը Միջին Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին է եւ ունի 1400 քմ աղոթատեղի։

No comments: