Tuesday, December 21, 2010

ԹՈՒՐՔԻԱՆ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

«Լրագիր» 21-12-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը անձամբ խնդրել է Միացյալ Նահանգների նախագահին` կանխել Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում։ Այդ մասին երեկ Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, տեղեկացնում է Ազատություն ռադիոն:
Դավութօղլուի խոսքով, Էրդողանն այս հարցով հատուկ նամակ է հղել Բարաք Օբամային` զգուշացնելով, որ խաղասեղանին դրված են թուրք - ամերիկյան ռազմավարական հարաբերություններն ու Հայաստանի հետ հաշտեցման գործընթացը։
«Նամակում Էրդողանը ընդգծել է իրավիճակի կարեւորությունն ու հարցի նրբությունը եւ կոչ արել Օբամային ակտիվ ջանքեր գործադրել` բանաձեւը օրակարգում չընդգրկելու համար», - թուրքական Hurriyet-ին ասել են արտգործնախարարությունից ու հավելել. - «Վարչապետ Էրդողանը նաեւ հիշեցրել է Միացյալ Նահանգների նախագահին այն ջանքերի մասին, որ գործադրում է պաշտոնական Անկարան` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»։
Hurriyet թերթը գրում է, թե բանաձեւը լիագումար նիստում կարող է քվեարկության դրվել արդեն երեքշաբթի երեկոյան: «Եվ քանի որ փաստաթուղը անակնկալ կերպով հավանության արժանացավ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, նույնը կարող է լինել նաեւ այժմ` լիագումար նիստում», - թերթին ասել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը։

No comments: