Wednesday, December 1, 2010

Լևոն Անանյանը, Հակոբ Ղազանչյանն ու Մկրտիչ Մինասյանը միջնորդում են իշխանություններին Փաշինյանի հարցով

Tert.am. 30-11-2010- «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու և նրա գործում անաչառություն ցուցաբերելու խնդրանքով ՀՀ իշխանություններին միջնորդել են Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։ Ստորև ներկայացնում ենք նրանց հայտարարությունը.
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները մտահոգություն են հարուցում: Արդյո՞ք այդ ամենը չի վկայում այն մասին, որ պատկան մարմիններն անկարող են ապահովել դատապարտված լրագրողի անվտանգությունը: Ավելին, հասարակական որոշ շերտեր կասկած են հայտնում այդպիսի վերաբերմունքի ուղղորդվածության և լրագրողի կյանքին անմիջական վտանգ սպառնալու մասին:
Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությանը` որպես եվրոպական արժեքների դավանող, ժողովրդավարությունը որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի` հակառակ միջազգային հանրության և միջազգային նորմերի և կոնվենցիաների պահանջների: Մենք, հանուն Հայաստանի Հանրապետության պատվի և արժանապատվության, հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը, անկախ նրանից, կիսում ենք նրա քաղաքական հայացքները, թե` ոչ, միջնորդում ենք ՀՀ իշխանություններին, անկողմանակալ մոտեցում ցուցաբերել այս հարցում:

No comments: