Friday, December 24, 2010

Փորձագետ. Եթե Օբաման դրժում է իր խոստումը, ապա ի՞նչ կարող է անել խեղճ Նենսին

News.am. 24-12-2010- Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւի հավանակությունը ԱՄՆ Կոնգրեսի կողմից հավասար է զրոյի, որովհետեւ խնդիրը պետք է իր լուծումը ստանար 2009 թվականի ապրիլին, երբ հայ-թուրքական մերձեցման ճանապարհը բացելու պատճառաբանությամբ ԱՄՆ նախագահ Օբաման դրժեց իր նախընտրական խոստումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 252 բանաձեւի քվեարկության խափանմանը: «Իսկ եթե երկրի առաջին դեմքը դրժում է իր նախընտրական խոստումը, ինչու պետք է Կոնգրեսի խոսնակը՝ «խեղճ» Նենսի Փելոսին կամ որեւէ այլ պաշտոնյա հետամուտ լինի իր խոստումներին»,-նկատեց փորձագետը:
Նա նաեւ հավելեց, որ քանի որ Օբաման դրժողական քաղաքական ուղեգիծ է որդեգրել Հայոց Ցեղասպանության հարցի ուղղությամբ, ապա նրա վարչակազմի մյուս անդամները հարկավ պետք է հետեւեն նրան, այլ տարբեր մակարդակի չինովնիկներ եւս:
«Ուստի ամենեւին էլ պարտադիր չէր Հայաստանում բյուջեի քննարկման ժամանակաշրջանում կոնֆերանս կազմակերպել, սին պատրանքներ ստեղծել հասարակության մոտ, եւ հետո էլ հասարակությանը հիասթափության գիրկը նետել»,-նկատեց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Հայաստանյան վարչակազմը շատ կարճատես է գտնվել՝ առավոտից երեկո թմբկահարելով, թե Կոնգրեսը պատրաստակամ է լինելու քննարկել 252 բանաձեւը եւ նույնիսկ ընդունել այն: Ես որեւէ նման հույս չունեի»:
Քաղաքագետների միության նախագահն ընդգծեց, որ հասարակությանը սին հույսեր ներշնչելը հղի է հուսախաբ անելու վտանգով եւ «ամենեւին էլ չի նպաստում ճիշտ պատկերացնելուն, թե ի՞նչ է այսօր հնարավոր անել, որպեսզի մեր համազգային օրգանիզմը, որն ամպագոռգոռ անվանում են «Հայկական աշխարհ», իսկապես լինի կենսունակ եւ կարողանա դիմակայել այսօրվա գլոբալիզացված աշխարհի մարտահրավերներին»:
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին երեկ՝ դեկտեմբերի 22-ին մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 252 բանաձեւն ընդգրկել օրակարգում եւ քվեարկության դնել Կոնգրեսի այս կազմի օրոք: Ավելի վաղ Փելոսին մտադրություն էր հայտնել թիվ 252 բանաձեւը դնել քվեարկության: Բանաձեւի դեմ արշավ էին սկսել թուրքական լոբբին եւ նախագահ Օբամայի վարչակազմը, իսկ հայ մի շարք գործիչներ, այդ թվում երգիչ Սերժ Թանկյանն ու մոդել Քիմ Քարդաշյանը դիմել էին Ներկայացուցիչների պալատի նախագահին՝ կոչ անելով անպայման ընդունել այն:
Մարտի 4-ին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ, 22 դեմ ձայներով ընդունել էր բանաձեւը:

No comments: