Thursday, December 30, 2010

Հայոց ցեղասպանության հարցում հրեական լոբբին Անկարայի կողքին է. Աբրահամ Ֆոքսման

Tert.am. 30-12-2010- Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ–ի հրեական լոբբին աջակցում է Թուրքիային։ Այս մասին թուրքական Sabah օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգներում գործող ADL («Միություն ընդդեմ զրպարտության») հրեական կազմակերպության ղեկավար Աբրահամ Ֆոքսմանը։
«Հայկական հարցը Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խնդիր է և այն պետք է լուծվի այդ երկու երկրների միջև։ Սխալ է, երբ ԱՄՆ Կոնգրեսը փորձում է միջամտել այդ հարցին և կողմնապահություն անել։ Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին։ Մենք այդ հարցում Թուրքիայի կողքին ենք»,– ասել է Ֆոքսմանը։
Անդրադառնալով թուրք–իսրայելական հարաբերություններին՝ ADL–ի ղեկավարն ափսոսանք է հայտնել այդ հարաբերություններում նկատվող լարվածության համար և կոչ արել միջոցներ ձեռնարկել դրանց հետագա վատթարացումը կանխելու համար։
«Թուրքիայի և հրեական համայնքի միջև գոյություն ունի նախադեպը չունեցող և պատմական կապ։ Հինգ դար առաջ, երբ քրիստոնյաներն Իսպանիայից արտաքսեցին հրեաներին, միայն թուրքերն էին, որ դուռը բացեցին նրանց առջև։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին դարձյալ Թուրքիան էր, որ ընդունեց հրեա գիտնականներին... Սակայն այսօր Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններն այնքան էլ լավ չեն։
Պետք է ջանքեր գործադրել հարաբերությունների հետագա վատթարացումը կանխելու համար, քանի որ կան պետություններ, ինչպես, օրինակ, Հունաստանն ու Իրանը, ովքեր ցանկանում են օգտվել թուրք–իսրայելական հարաբերությունների վատթարացումից։ Իսկ դա չպետք է թույլ տալ»,– հայտարարել է Աբրահամ Ֆոքսմանը։

No comments: