Բացահայտել է WikiLeaks-ը
«ԱԶԳ», 08-12-2010 - «Ազգը» բազմիցս է անդրադարձել Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցությանը` ընդգծելով, որ այն առավելապես ընդդեմ Իրանի է: Անգամ իսրայելական պարբերականները հրապարակում էին տվյալներ, որ Ադրբեջանի հարավում` Իրանի հարեւանությամբ, Իսրայելը տեղակայել է հետախուզական կենտրոններ` ակնհայտ նպատակով անշուշտ: Վերջին օրերի` լրատվամիջոցների «գլխավոր մատակարար» WikiLeaks-ը իր հերթին հրապարակել է տեղեկություններ, որոնք հաստատում են Բաքու-Թել Ավիվ ակտիվ ռազմական գործակցությունը:Հետաքրքրական է միայն պարզել, ինչպես է այս ամենին նայում «Իրանի ընկեր դարձած» Թուրքիան, որի նախագահ Գյուլը օրերս «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում ընդգծեց, որ «թուրք ժողովուրդը երբեք չի ների Իսրայելին»:
Ինչեւէ, ներկայացնենք Բաքվում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդական Ռոբերտ Հավերիկի հեռագիրը հետեւյալ թեմայով. «Ինչպես եւ Իսրայելը, Ադրբեջանն Իրանին համարում է իր անվտանգության գլխավոր սպառնալիք: Դրանով է պայմանավորված երկու երկրների համագործակցությունը: Բաքվում Իսրայելի դեսպան Արթուր Լենքը հաճախ էր կրկնում. «Եթե մենք կարողանայինք մեր հարեւաններին փոխել Ադրբեջանի հետ, անպայման կանեինք»:
Ադրբեջանական իշխանությունները հետեւողականորեն պաշտպանում են Իսրայելի շահերը Բաքվում: Շնորհիվ Իսրայելի հետ սերտ կապերիՙ Ադրբեջանին հասանելի է դարձել սպառազինության նոր մակարդակըՙ սեփական բանակի զարգացման համար: Նման տեխնիկա նա չի կարող ստանալ ոչ ԱՄՆ-ից, ոչ Եվրոպայից տարբեր իրավական սահմանափակումների պատճառով, նաեւ հետխորհրդային երկրներից: Արեւմուտքի երկրները վախենում են վերգետնյա ռազմական համակարգեր վաճառել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ չսկսելու համար: Իսկ Իսրայելն ազատ է գործարքներ կնքելու եւ եկամուտ ստանալու հարուստ գնորդից: 2008 թ. Ադրբեջանն առանց ավելորդ աղմուկի մեծ համաձայնագիր է ստորագրել Իսրայելի պաշտպանության նախարարության հետ, որը թույլ է տալիս տեղական ընկերություններին նռնականետներ, զինամթերք, ռեակտիվ հրետանի եւ կապի միջոցներ վաճառել: Հստակ հայտնի չէ, թե ինչ է գնել Ադրբեջանը, հայտնի է միայն, որ գործարքը կնքվել է հարյուրմիլիոնավոր դոլարների չափով: Ադրբեջանն արդեն ստացել է Lynx համազարկային 122 մմ-անոց համակարգ, որը դրվում է ծանր «Կամազ»-ների վրա»:
Հիշեցնենք` ԱՄՆ պաշտպանության նախարարության վերջին հաշվետվության համաձայնՙ Ադրբեջանը իսրայելական ընկերության հետ անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսելու: Ձեռնարկության 51 տոկոսը պատկանելու է Ադրբեջանին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment