Wednesday, December 8, 2010

Թուրք գրողը պահանջում է ազատ արձակել հայ լրագրողին

Tert.am. 7-12-2010- Կանադայում գործող «Keghart.com» կայքում տեղադրված հայտարարությանը, որով հայ և այլազգի մտավորականներ, հեղինակավոր հասարակական, մշակութային գործիչներ պահանջում են ազատ արձակել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, շարունակում են նոր մարդիկ միանալ։ Հայտարարությունը այսօրվա դրությամբ ստորգարել է 231 մարդ։
Հայտարարությունն ստորագրել է նաև հայտնի թուրք իրավապաշտպան, գրող, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն: Նա Հայոց ցեղասպանության թեմայով երկու գիրք է հրատարակել, Թուրքական իշխանությունների կողմից հետապնդման է ենթարկվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների համար: Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» պատմավեպը թարգմանելու և Ստամբուլում իրեն պատկանող «Բելգե» տպարանում հրատարակելու համար կնոջ հետ միասին 2007-ի հունիսի «թուրքական ինքնությունը վիրավորելու համար» տխրահռչակ 301 հոդվածով Զարաքօղլուն դատապարտվել է 6 ամսվա ազատազրման: 2007թ. Թուրքիայում խոսքի ազատության ամրապնդման ու իրավապաշտպան գործունեության համար Ռագըփ Զարաքոլուն արժանացել է «Մամուլի ազատություն-2007» մրցանակին, որին ավելի ուշ հետմահու արժանացել է «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը:
Սփյուռքահայ մի խումբ գործիչներ նույնպես հանդես են եկել նույն կոչով։ Նրանց հայտարարությունում ասված է.
«Մենք սփիւռքաբնակ հայերս եւ մեր ոչ հայազգի ընկերները, խորապէս անհանգստացած ենք Հայկական Ժամանակ օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ կալանավայրի մէջ կատարուող դէպքերով: Կը թուէր թէ արդարադատութեան մարմիններուն անոր կամովին ներկայանալը համապատասխան վերաբերմունքի պիտի արժանանար ՀՀ իշխանութիւններու կողմէ: Սակայն, ոչ միայն այդ տեղի չունեցաւ, այլեւ, ազատազրկման վայրին մէջ, անոր նկատմամբ հետեւողական ճնշում կը կիրառուի, ալեկոծելով հայ հասարակութիւնը ամենուրէք: Մենք կը հաստատե'նք թէ իշխանութիւններու՝ Նիկոլ Փաշինյանի ազատ խօսքը լռեցնելու եւ քաղաքական տեսակէտներու համար պատիժ կիրառելու այս դատապարտելի գործողութիւնները ճիշդ հակառակ արդիւնքը կ'ունենան, աւելի եւս լսելի դարձնելով Նիկոլ Փաշինյանի ձայնը թէ' հայրենիքի եւ թէ' Սփիւռքի մէջ: Անոր ճակատագրով խորապէս մտահոգ ըլլալով, մենք ուշադրութեամբ կը հետեւինք այս հարցին շուրջ տեղի ունեցող զարգացումներուն եւ յոյս ունինք զայն շուտով տեսնել ազատ արձակուած: Մինչ այդ, կը պահանջենք վերջ տալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործադրուող բոլոր տեսակի անօրինական գործողութիւններուն եւ ապահովել անոր անվտանգութիւնը»։

No comments: