Thursday, December 30, 2010

Տիգրան Թորոսյանը «քաղկենդանաբանության» մասին

7or.am. 29-12-2010- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Թորոսյանը Ամանորը դիմավորելու է Երևանում, ընտանիքի հետ։
Նրա կարծիքով՝ ամեն տարի Ամանորից ակնկալիքները նույնն են լինում՝ լինի խաղաղություն, հաջողություն, երջանկություն, ուրախություն, այսինքն սովորական մարդկային ցանկություններ, իսկ մնացած ամեն ինչ տեղավորվում է այդ ընդհանուր ցանկությունների մեջ։
Ըստ չինական (արևելյան) օրացույցի՝ 2010թ. սպիտակ կամ մետաղական Վագրի տարի էր, որին 2011թ. փոխարինելու է գալու սպիտակ Ճագարը (Կատուն կամ Նապաստակը): «Արդյոք Հայաստանի քաղաքական դաշտում 2010թ. վագրե՞րը գերիշխեցին, և արդյոք 2011թ. ճագարները կամ կատունե՞րը կգերիշխեն» «7օր»-ի հարցին ի պատասխան՝ Տիգրան Թորոսյանն ասել է, որ իր կարծիքով, քաղաքականությունն ունի իր տրամաբանությունը և տարիների գնահատման արևելյան մոտեցումները վերաբերում են այլ բաների։ Այդուհանդերձ նա նշել է, որ Հայաստանի համար մի շրջան է, երբ վագրերը նախընտրում են չխառնվել այն ամենին, ինչ տեղի է ունենում երկրում։

-Այսինքն, այսօր այդ վագրային ուժը չե՞ք նկատում։
-Եթե քաղաքական ուժերի մասին է խոսքը և ամանօրյա տրամադրությունից անցնում ենք քաղաքական գնահատականների, ապա ցավոք Հայաստանում բազմակուսակացական քաղաքական համակարգը տարբեր պատճառներով սկսել է դեգրադացվել և սա ամենամեծ վտանգն է երկրի համար։ Հայաստանի ապագայի համար անհրաժեշտ են նոր քաղաքական ուժեր, որոնք իսկապես լավ են պատկերացնում՝ այսօր ինչ է նշանակում կուսակցություն, ինչ է նշանակում քաղաքական կյանք, քաղաքական պայքար, ինչ է նշանակում պետական կառույցներ, ինչպիսին պետք է լինեն նրանց հարաբերությունները և էլի բազմաթիվ այլ հարցեր։

-Վագրային ուժի ի հայտ գալը ճագարի տարում տեսնո՞ւմ եք։
-Միայն խորհրդային միությունում էր, որ ամեն ինչ մի տեսակ էր և հրամանով էր արվում։ Ուրիշ բոլոր ժամանակներում ամեն ինչ էլ կար՝ բոլոր տարիներում և՛ վագրեր կան, և՛ ճագարներ կան, և՛ խոզեր կան, և՛ առնետներ կան, և այլն և այլն։ Տարբեր կենդանիներ միշտ էլ կան։

-Գերիշխում են...
–Իսկապես ամենակարևոր խնդիրն այն է, թե ովքե՞ր են գերիշխում։

-Այսօր ովքե՞ր են գերիշխում։
-Կարծում եմ՝ առիթ կլինի 2011թ. իսկապես քաղաքական ասպարեզի մասին մանրամասն խոսելու և գնահատելու։

No comments: