Saturday, December 4, 2010

ԱՍՏԱՆԱ – ՍԱՏԱՆԱ

«Լրագիր» 3-12-2010- ԵԱՀԿ վեհաժողովն ավարտվեց, տպավորություն թողնելով, թե այն պետք էր միայն Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւին, սեփական նյուզմեյքերության համար:
Վեհաժողովի ամփոփիչ փաստաթուղթն ընդունվեց մի կերպ, եւ նրանում արտահայտված է հակասությունների այն ողջ կծիկը, որն առկա է արեւմտյան եւ ռուսամետ երկրների միջեւ: Հենց այդ հակասությունների պատճառով էլ 11 տարի վեհաժողովներ չէին անցկացվում: Վեհաժողով չէր լինի նաեւ հիմա, եթե չլիներ Նազարբաեւի հավակնությունը եւ Ռուսաստանի ցանկությունը` եւս մեկ անգամ հայտարարել, թե թույլ չի տա Արեւմուտքին հարցերը լուծել միանձնյա: Ահա թե որտեղ է սատանայի գլուխը:
Այս ֆոնին, հետաքրքիր է ղարաբաղյան կարգավորման ճակատագիրը, որը թե Մինսկի խմբի համանախագահների, թե հայաստանի պնդմամբ պետք է իրականանա բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Մյուս բոլոր հակամարտությունները կարգավորվում են այլ ֆորմատներով, որտեղ Ռուսաստանն ու Արեւմուտքը կարող են բացահայտ դիմակայել միմյանց` մերձդնեստրյան, օսական, աբխազական եւ նույնիսկ Կոսովոյի: Հենց դա էլ թույլ է տալիս տվյալ հակամարտությունների կողմերին կտրուկ շարժումներով քանդել հանգույցը: Իսկ ղարաբաղյան հակամարտության հարցում Արեւմուտքն ու Ռուսաստանը հայտնվել են այնպիսի հանգույցում, որ իրենք էլ չեն կարող մանեւրել: Մի կողմի նույնիսկ չնչին շարժումը առաջացնում է մյուսի հակազդեցությունը, նրանցից ոչ ոք չի կարող շրջվել` կատարելու որոշակի քայլ: Եւ կողմերի գործողություններն ուղղված են ոչ թե հակամարտության կարգավորմանը, այլ դիմացինի շարժումների կանխմանն ու զսպմանը: Մադրիդի սկզբունքները հենց այն հանգույցն է, որում հյուսվել են զսպող մեխանիզմները:

Որքա՞ն սա կշարունակվի: Քանի դեռ կողմերից որեւէ մեկը դադարի ենթարկվել այս ֆորմատից: Սա կապված է հսկայական ռիսկի հետ, նույնիսկ կորուստների, սակայն միայն այդպես է հնարավոր ազատվել եւ սկսել նոր ճանապարհ:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: