Saturday, December 11, 2010

Մարդու իրավունքների հիմնական խախտողները ոստիկանություն ու դատարաններն են

Diplomat.am. 10-12-2010- Մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակն այսօր գնահատել են նաև իրավապաշտպանները: Մարդու իրավուքների պաշտպանի խորհրդականի կարծիքով ՝ խնդիրները բազմաթիվ են, բայց ակնհայտ է նաև առաջընթացը: Գնահատականին համաձայն չէ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը: Բարեփոխումներն, ըստ նրա, արտաքին շերտերում են, իսկ բովանդակային առումով խնդիրները պահպանվում ու խորանում են:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի կարծիքով՝ խոսել իրավունքների պաշտպանության մասին նշանակում է անդրադառնալ խախտումներին: Արթուր Սաքունցի գնահատականներով՝ մեր երկրում հիմնական խնդիրը իրավունքների պաշտպանության նկատմամբ հարգանքի բացակայությունն է, նաև իրավունքների վերականգնման մեխանիզմների անկատարությունը: Այս կամ այն նորմի կիրառվելն, օրինակ կախված է իրավիճակից ՝ ասում է իրավապաշտպանը՝ վերջին իրադարձությունների մասին խոսելով:

«Հայաստանում լրատվական միջոցների հաղորդումների հիման վրա մի դեպքում քրեական գործ է հարուցվում, մեկ այլ դեպքում, պարզվում է, այդ հաղորդումը դեռ հիմք չի քրեկան հետապնդման համար»:

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուստամ Մախմուդյանի կարծիքով էլ՝ Հայաստանում իրավունքների խախտման դեպքերի մեծամասնության հիմքում ոչ անկեղծ փոխհարաբերություններն են ենթակա և վերադաս պաշտոնյաների միջև:
Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այս տարի մոտ 4000 դիմում բողոք է ստացել: Խախտումների առումով ամենաակտիվ պետական կառույցների հնգյակն, ըստ կազմի չի փոխվել:

«Հայաստանի քաղաքացիները, ինչպես նախորդ տարիներին, դժգոհում են ոստիկանությունից, դատարաններից, քաղաքապետարանից, նաև աշխատանքի ու սոցաիալական ոլորտին վերաբերող խնդիրներից»:

Բանախոսներից մյուսը՝ փաստաբան Էդմոն Մարուքյանը, նախընտրեց իրավունքների պաշտպանության մասին խոսել կոնկրետ օրինակով: Նա որոշ մանրամասներ ներկայացրեց այն գործից, որով զբաղվել է: Էդմոն Մարուքյանի պաշտպանյալը՝ Նորիկ Պողոսյանը մեղադրվել է ապօրինի թմրանյութ իրացնելու մեջ: Մեկ տարի 6 ամիս եղել է անազատության մեջ, այդ ընթացքում գործն անցել է Լոռու մարզի առաջին ատյանի, հետո Վերաքննիչ դատարանով, ապա բեկանվել Վճռաբեկի կողմից ու հետ վերադարձվել առաջին ատյան:

«Առաջին ատյանի դատարանը արդարացման դատավճիռ կայացրեց Մարուքյանի նկատմամբ, և երեկ այն դատավորը, որ այդ դատավճիռը կայացրել էր ստացավ ազատության պաշտպան մրցանակը»:

Փաստաբանի կարծիքով ՝ սա կարելի է հաշվառել դրական ձեռքբերումների շարքում, բայց քանի դեռ արդարացման դատավճիռները բացառիկ երևույթներ են, եթե բարոյական վնասի փոխհատուցում ասվածը Հյաստանում դեռևս հեռավոր գաղափար է, քանի դեռ կալանքի համատարած կիրառումն ընդունված պրակտիկա է, իսկ գրավի դիմաց ազատ արձակելը համարյա չգործող նորմ, դժվար է արդարադատության ոլորտում իրավունքների լիարժեք պաշտպանության մասին խոսել: Առավել ևս, երբ փաստաբաի կարծիքով դրան հաճախ ուղեկցվում են կազուսային երևույթներով:

«Մենք ունենք գործեր, երբ քաղաքացին ուղղակի հրել է ոստիկանին ու խիստ քրեկան պատասխանատվության է ենթարկվել, ունենք նաև գործեր երբ ոստիկանը դաժան ծեծի ու բռնության է ենթարկել այս դեպքում ծառայողական քննություն է նշանակվել: Ասենք մեկը կարող է նկատողություն ենթարկվել, կարող է դա էլ չլինի»:

No comments: