Monday, December 13, 2010

“ՆՐԱՆՔ ԲՈԼՈՐԸ ԲԵԳԼԱՐՅԱՆ ԵՆ”

«Լրագիր» 13-12-2010- Երեւանի քաղաքապետի փոփոխության ֆոնին մի տեսակ անուշադրության է մատնվել իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ն: Մինչդեռ, քաղաքապետին հրաժարական պարտադրող նախագահը այդ կուսակցության ղեկավարն է, իսկ հրաժարական ներկայացրած քաղաքապետն էլ այդ կուսակցության անդամ, ընդ որում մեղմ ասած “ոչ շարքային” անդամ: Ի վերջո, խոսքը Հայաստանի օրենսդիր մարմնում մեծամասնություն կազմող, կառավարություն ձեւավորող, պաշտոններ բաժանող կուսակցության մասին է: Այդ կուսակցությունն ունի՞ արդյոք որեւէ դերակարատում ներիշխանական ներկայիս գործընթացներում, թե ՀՀԿ-ականները հայտնվել են դիտորդի կարգավիճակում եւ ուշադիր հետեւում են, որ հանկարծ հետ չընկնեն Սերժ Սարգսյանի տրամադրություններից եւ ուշացնեն դրանք հավանության արժանացնելը:

Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ն տեղի ունեցող գործընթացներում ունի այնքան դերակատարություն, որքան Ազգային Ժողովրդավարների Դաշինք կուսակցությունը, որի նախագահը Արշակ Սադոյանն է: Դա իհարկե վատ չէ: Երկրում տեղի ունեցող, թեկուզ ներիշխանական պրոցեսներում ՀՀԿ-ն որքան քիչ դերակատարություն ունենա, այդքան ավելի լավ երկրի եւ հասարակության համար: Բայց տվյալ պարագայում հարցը դա չէ, այլ այն, թե իսկ երկրում տեղի ունեցողը, իշխանության ներսում տեղի ունեցողն ինչպես է ազդելու Հանրապետական կուսակցության վրա:

Բանն այն է, որ եթե քաղաքապետի հրաժարականը, արդարադատության նախարարի փոփոխությունը, ինչպես նաեւ սպասվող կադրային այլ գործընթացները, որոնց մասին խոսակցությունները համառորեն չեն լքում հայրենական մամուլի էջերը, ոչ թե իշխանական ներկլանային պայքարի, այլ որակների, տեսակների, մոտեցումների եւ արժեքների պայքարի արտահայտություն են, ապա դրանք չեն կարող անցնել ՀՀԿ կողքով: Եթե նույնիսկ իրականություն է այն, որ այդ ամենն ընդամենը քաղաքական հմուտ տեխնոլոգիա է, որը կիրառվում է ընձեռված առիթից ելնելով եւ որի նպատակը կադրային փոփոխությունների միջոցով ընտրությունից առաջ Սերժ Սարգսյանի համար բարենպաստ վարկանիշ ձեւավորելն է, միեւնույն է, անգամ այդ տրամաբանությունը ենթադրումէ նաեւ գործընթացներ ՀՀԿ ներսում:

Դա էլ իր հերթին ենթադրում է, որ արմատականորեն պետք է փոխվի Հանրապետական կուսակցության այսպես ասած “առաջին” շարքը: Այդ շարքը ներառում է թե խորհրդարանական խմբակցությունը, կամ դրա առնվազն 90 տոկոսը, թե նաեւ ՀՀԿ այսպես ասած արտախորհրդարանական ռեսուրսը, որը սովորաբար ակտիվանում է ընտրական գործընթացների շեմին եւ ծառայում որպես ընտրական արդյունք նկարելու գործընթացի կարեւոր բաղկացուցիչ: Դրանք այն թաղային հեղինակություններն են, քրեական կենսագրությամբ հայտնի անձինք, որոնք պատգամավոր կամ պետական պաշտոնյա չեն, սակայն հանդիսանում են ՀՀԿ “հենասյուները”: Եթե պետական կառավարման համակարգում սկսվում են ինչ որ գործընթացներ, ապա դրանք լիարժեք կդառնան միայն ՀՀԿ “արտակառավարական” սուբյեկտներին էլ ներառելու դեպքում:

Խնդիրն այն է, որ իշխող կուսակցության թե խորհրդարանական, թե արտակառավարական առաջին շարքերում այսօր մարդիկ են, որոնք իրենց կենսագրությամբ, իրենց դավանած եւ տարիների ընթացքում հրապարակայնորեն տարբեր առիթներով գործնականում հաստատած արժեքների, առաջնահերթությունների, պատկերացումների առումով ոչ մի բանով հետ չեն մնում Գագիկ Բեգլարյանից: Ավելին, նրանցից շատ շատերը նույնիսկ գերազանցում են Բեգլարյանին, միայն թե “բախտ” կամ դժբախտություն չեն ունեցել նախագահի նստավայրից որեւէ մեկի հանդեպ բռնություն կիրառել: Նրանք իրենց “արժեքները” տարածում են միայն շարքային քաղաքացիների վրա, եւ առավել դաժանորեն, եթե հանկարծ որեւէ մեկը որոշում է դիմադրություն ցույց տալ:

Ինչպես է փոխվելու իշխող կուսակցությունն այդ տեսանկյունից: Միջոցներն ու ձեւերն իհարկե շատ են, պարզապես կամք է պետք: Բայց կա նաեւ մի էական հանգամանք: Փոփոխություն ասվածը պետք է դուրս գա զուտ ֆիզիկական հասկացության սահմանից: Խնդիրը միայն այն չէ, որ ինչ որ մեկին հեռացնեն առաջին պլանից, իսկ նրա փոխարեն առաջին պլան բերեն քաղաքակիրթ արտաքինով եւ բառապաշարով մեկ ուրիշին: Փոփոխություն ասվածը նախ եւ առաջ ենթադրում է իրավագիտակցության փոփոխություն, իրավակիրառական պրակտիկայի փոփոխություն: Իսկ դա նշանակում է, որ մարդիկ, ովքեր իրենց “արժեքները” տարածելիս թույլ են տվել Սահմանադրության եւ օրենքի խախտում, պետք է պատասխան տան օրենքով նախատեսված կարգով:

Հասարակությունը պետք է ստանա իշխանության այդ մտադրության հստակ ազդակ, այլապես կստացվի, որ այդ ամենի արդյունքում հանրությունն ու պետությունը շահել են ընդամենը այն, որ “բարոյական հաղթանակ” հասկացությունից բացի կարող է կիրառել նաեւ “բարարոյական պատասխանատվություն” հասկացությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: