Monday, December 13, 2010

Ռաֆայել Մեհրաբյան. Վիկը չպարտվեց...

Թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը կիրակի օրը կայացած մրցամարտում պարտվեց մեքսիկացի Աբներ Մարեսին, ընդ որում՝ կողային մրցավարներից 2-ը նախապատվությունը տվել էին մեքսիկացուն, իսկ մեկ մրցավար հաղթող էր համարել հայ բռնցքամարտիկին:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ArmSport.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այդ մարտում Վիկը չպարտվեց: «Շատերի պես, ինքս էլ մարտի ընթացքին հետևել եմ հեռուստացույցով, ինչը հաճախ հնարավորություն չի ընձեռում ավելի ամբողջական պատկերացում կազմել ռինգում կատարվող իրադարձություններից: Սակայն առանձին մանրամասների մեջ էլ չխորոնալով, կարող եմ ասել, որ Վիկն այդ մարտում չպարտվեց: Վիկի հարվածներն ավելի նպատակային էին, իսկ մեքսիկացու ակտիվությունը թվացյալ էր, քանի որ նրա հարվածներից շատերը նպատակին չէին հասնում: Միայն 9-րդ և, թերևս, վերջին ռաունդներում, իրոք, նկատելի էր Մարեսի ակտիվությունը: Մնացած դեպքերում՝ Վիկն ավելի նախընտրելի բռնցքամարտ էր ցուցադրում»:
Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս պետք է գործեր Դարչինյանը, որպեսզի մրցավարները նախապատվությունը տային հայ բռնցքամարտիկին, Մեհրաբյանը մատնանշեց Դարչինյանի տակտիկական սխալը. «Կարծում եմ՝ Վիկը տակտիկական սխալ թույլ տվեց, երբ 2-րդ ռաունդում մրցակցի նոկդաունից հետո նրան սթափվելու հնարավորություն ընձեռեց: Վիկը պետք է շարունակեր նույն ագրեսիվ ոճով գործել, ինչը կհանգեցներ շոշափելի առավելություն ստանալու: Իսկ գրեթե հավասար մրցապայքարում արդեն մրցավարներից է կախված, թե ինչպիսի որոշում կկայացնեն: Պատահական չէ, որ հաղթողին որոշման հարցում նրանց կարծիքները միասնական չէին»:
Ռաֆայել Մեհրաբյանն էլ կիսում է շատերի այն կարծիքը, որ ռինգի մրցավարը 8-րդ ռաունդում անիրավացի նոկդաուն գրանցեց մրցակցի օգտին. «Ընհանրապես, ռինգում գտնվող մրցավարը վատ կատարեց իր պարտականությունները: Նա անտեսեց մրցակցի գոտկատեղից ներքև հարվածները, մինչդեռ նման դեպքերում պարտավոր էր զգուշացում տալ մեքսիկացուն: Իսկ 8-րդ ռաունդում նոկդաուն չկար, մրցակցի հարվածը նպատակին չհասավ, իսկ Վիկը ռինգի հատակին հայտնվեց միայն ոտքերի խճճման հետևանքով: Նոկդաունի դեպքում, որքան ինքս եմ տեղյակ, մրցակցից հանվում է 2 միավոր, և այս դեպքում ռինգի մրցավարի սխալի հետևանքով Վիկն անտեղի միավորներ կորցրեց»:
Մասնագետներից շատերը համարում են, որ Վիկի պարտության հիմնական պատճառը նրա տարիքն էր և որ դժվար էր 34-ամյա բռնցքամարտիկի համար հաղթելու իրենից 10 տարով փոքր մրցակցին: Այս տեսակետի հետ համաձայն չէ Մեհրաբյանը. «Նախ, ինչպես ասացի, չեմ համարում, որ Վիկն այդ մարտում պարտվեց: Բացի այդ, տարիքային տարբերությունը ոչ մի դեր ունենալ չի կարող: Ասեմ ավելին. Վիկն ավելի արագ էր, քան մրցակիցը: Ցավալի է, որ մրցավարներն այս մարտում նախապատվությունը տվեցին թվացյալ ավելի ակտիվ երևացող բռնցքամարտիկին»,- եզրափակեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

No comments: