Saturday, December 4, 2010

Պոլսո պատիարքարան. Թուրքիան հայ համայնքին չի զրկել հոգեւոր առաջնորդ ընտրելու իրավունքից

News.am. 4-12-2010- Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե թուրքական պետությունը հայկական համայնքին չի զրկել հոգեւոր հովիվ ընտրելու իրավունքից:
«Շրջանառվող այն լուրերը, թե պետությունը փորձում է հայկական համայնքին զրկել իր հոգեւոր առաջնորդին ընտրելու իրավունքից, անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը: Ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվանից հետո, նոր առաջնորդը կընտրվի այնպես, ինչպես դա եղել է մինչեւ հիմա՝պատրիարքարանի կարգերին ու ավանդույթներին համաձայն: Այս հարցում ոչ մի փոփոխություն քննարկման ենթակա չէ»,- ասված է հայտարարության մեջ:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ստամբուլահայերի մի մասը, որ դեմ է թուրքական կառավարության որոշմանը, որով ներկայիս հիվանդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի տեղը նոր պատրիարք ընտրելու փոխարեն նշանակվել է հայկական եկեղեցու կանոնակարգում գոյություն չունեցող փոխպատրիարք հասկացությունը, հավաքել է 5 հազար 359 ստամբուլահայի ստորագրություն։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ ստամբուլահայերի «Ցանկանում ենք ընտրել մեր պատրիարքին» նախաձեռնության կողմից կազմակերպվել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են պահանջները։ Ասուլիսին մասնակցած ստամբուլահայերը նշել են, թե Թուրքիայի հայ համայնքի ներսում ոչ մի պառակտվածություն չկա այս հարցում եւ իրենք որեւէ խնդիր չունեն թուրքական կառավարության որոշմամբ փոխպատրիարք նշանակված արք. Արամ Աթեշյանի հետ։
«Ցանկանում ենք ընտրել մեր պատրիարքին» նախաձեռնության անդամների անունից լրագրողների հետ հանդիպել են հայտնի ստամբուլահայեր՝ Հարութ Օզերը, Տիգրան Ալթունը, Մարկար Եսայանը, Կարո Պալյանը եւ այլոք։
Ներկայիս Պոլսո պատրիարք Մեսրոպ 2-րդ Մութաֆյանը անկողնային հիվանդ է։ Ստամբուլահայ համայնքի մի մասը կարծում էր, որ պետք է ընտրվեր համապատրիարք, քանի որ պատրիարք կարող է ընտրվել միայն նախկին պատրիարքի մահվան դեպքում։ Ստամբուլահայերի մյուս մասն էլ պնդում էր, թե ոչ թե համապատրիարք, այլ՝ պատրիարք պետք է ընտրել։ Այս խոսակցությունները թեժ քննարկվում էին, երբ թուրքական կառավարությունը հայտարարեց իր որոշումը, որով պարզապես նշանակվեց փոխպատրիարք։

No comments: