Thursday, December 9, 2010

Քուրդ ընդդիմադիրը պաշտպանելու է նաև հայերի իրավունքները

HayNews.am. 9-12-2010- Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին նախագահ Ահմեթ Թյուրքը «Ժողովրդական հասարակության կոնգրեսի» նիստի ժամանակ հայտարարել է, որ իրենք խնդիր են դնում պաշտպանել ոչ միայն քրդերի, այլ նաև հայերի, թուրքերի, արաբների և այլ ազգերի իրավունքները Թուրքիայում, փոխանցում է CIHAN-ը:
«Թուրքիայում արյուն է հոսում: Իսկ մենք ուզում ենք կանգնեցնել արյունահոսությունը: Մեզ համար ամենակարևորը խաղաղությունն է: Ցանկանում ենք, որպեսզի քուրդ ժողովուրդը հասնի ազատության: Նույնը ցանկանում ենք նաև հայերին»,-նշել է քուրդ առաջնորդը:
Հիշեցնենք, որ ահաբեկչական կազմակերպությունների հետ հարաբերություններ ունենալու մեղադրանքով Թուրքիայի Սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 11-ին կայացրած որոշմամբ փակված քրդական խորհրդարանական «Ժողովրդավարական հասարակություն» (Demokrtik Toplum Partisi կամ DTP) կուսակցությանը եկավ փոխարինելու նոր «Խաղաղություն և ժողովրդավարություն» (Barış ve Demokrasi Partisi կամ BDP) կուսակցությունը, որը նախորդից ժառանգեց նաև 20 պատգամավորական մանդատները: BDP-ի այժմյան նախագահն է Սելահաթթին Դեմիրթաշը:

No comments: