Report.am. 7-12-2010- “Աստանայում ստացանք այն, ինչ սպասում էինք”,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Կարեւորելով նախագահի ելույթը` Հանրապետական պատգամավորը հավաստիացրեց, որ նախագահը հայտարարեց այն, ինչ տեղի կունենա բանակցությունների տապալման կամ կողմերի անհամաձայնության դեպքում:“Ելույթը սպառնալիք չէր. հարցի` պատերազմական ճանապարհով հանգուցալուծումը մեր ցանկությունը եւ ընտրությունը չէ, պարզապես մենք ասացինք այն, ինչ տեղի կունենա պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում: Եթե բութ տրամաբանությամբ Ադրբեջանի նախագահը փորձի պատերազմ սկսել, կանենք այն, ինչ ցանկանում ենք եւ այն, ինչ մեզ համար է ընդունելի”,- նշեց Հանրապետական պատգամավորը եւ հավելեց, որ Աստանան մեր արտաքին դիվանագիտական հաղթանակներից մեկն է:
Հանրապետական պատգամավորի հետ համաձայն չէ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Վարդան Խաչատրյանը: Նա Աստանայում արտասովոր հաղթանակ չի արձանագրել. տեղի ունեցավ այն, ինչ սպասում էինք, առաջընթացի քայլ դժվար էր սպասել: Թեեւ հաղթանակներ հնչակյան կուսակցության անդամը չի արձանագրում, բայցեւայնպես, դրական է համարում Աստանայում Սերժ Սարգսյանի ելույթը, քանի որ մինչ այս խոսելու եւ այս կամ այն հայտարարություններ անելու իր իրավունքից Ադրբեջանն էր միայն օգտվում, եւ այս համատեքստում տեղին էր նախագահի ասելիքը: Վարդան Խաչատրյանը վստահ է, որ Ալիեւը դեռ երկխոսության չի գնում եւ պատրաստ էլ չի գնալ, իսկ ադրբեջանական մամուլում շարունակում են տեղ գտնել հրապարակումներն այն մասին, թե երկխոսություն հնարավոր է միայն առաջին զիջումներից հետո: Այս ամենի հետ մեկտեղ, Վարդան Խաչատրյանը վստահ է, որ Ադրբեջանը ետքայլ է կատարում` խոստովանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը բանակցային գործընթացում: Վարդան Խաչատրյանը չնայած սրան վճռական քայլեր չի տեսնում միջազգային հանրության կողմից: Նրա համոզմամբ` Աստանայում մթնոլորտը փոխվեց նաեւ Wikileaks-ի սկանդալային հրապարակումների արդյունքում:
Չհամաձայնելով որոշ դիտարկումների` Հանրապետական պատգամավորը նշեց, որ բանակցային գործընթացը 5 երկրների մեջ է ընթանում, բոլոր 4-ը միակարծիք են, իսկ 5-րդ չհամաձայնվող երկիրն Ադրբեջանն է, որն, ի վերջո, մի օր եւս կհամակերպվի իրականության ու ստեղծված իրավիճակի հետ:
Գագիկ Մելիքյանը թեեւ միանշանակ վստահ է, որ Հայաստանը ԼՂՀ անկախությունը պետք է ճանաչի, բայց դեկտեմբերի 9-ը ճիշտ եւ հարմար ժամանակ չի համարում: “Բայց միգուցե հարցն անգամ քվեարկության էլ չդրվի”,- նշեց Հանրապետական պատգամավորը եւ խուսափեց պատասխանել այն հարցին, թե ի վերջո դեկտեմբերի 9-ին ՀՀԿ-ն դեմ, թե կողմ է քվեարկելու “Ժառանգության” ներկայացրած օրինագծին:
ԱԳՆԵՍԱ ԽԱՄՈՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment