Monday, December 20, 2010

Իրանը պատրաստ է խզել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները

Իրանի խորհրդարանականները հավանություն են տվել Մեծ Բրիտանիայի հետ երկրի հարաբերությունները լիովին խզելու մասին օրինագծին։ Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը։
«Խորհրդարանի Անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում ընդունվեց Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները լիովին խզելու մասին որոշում»,- ասել է հանձնաժողովի անդամ Մոհամմեդ Քարամի-Ռաադը։
Իրանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները երկար ժամանակ շարունակում են լարված մնալ իրանական միջուկային ծրագրի հետ կապված տարաձայնությունների պատճառով։ Դրանք ավելի բարդացան, երբ Իրանը Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին մեղադրեց Թեհրանում նոյեմբերի 29-ի ահաբեկությունների կազմակերպման համար, որի ժամանակ զոհվեց ֆիզիկոս, միջուկային մասնագետ Մաջիդ Շահրիարին։
«Հանձնաժողովի անդամները նաև դատապարտել են Թեհրանում բրիտանացի դեսպանի դիտողությունները, ինչպես նաև այլ թշնամական քայլեր, որ պատմության ընթացքում ձեռնարկել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը ընդդեմ մեր երկրի»,- ասել է Իրանի խորհրդարանի Անվտամնգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Մոհամմեդ Քարամի-Ռաադը։

No comments: