Friday, December 10, 2010

«ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ ՀՈՂԻՆ ԵՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԵԼ»

Ահազանգում է Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան
«ԱԶԳ», 10-12-2010- Այս մասին գիտեն բոլորը: Այս վանդալիզմի ապացույցները տեսանելի են ամենուր եւ ամենքին, պարզապես քչերն են բարձրաձայնում, ոմանք էլ միայն բարձրաձայնում են եւ վերջ: Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանոցը` հարյուրավոր խաչքարերով, վաղուց արդեն գոյություն չունի. Ադրբեջանը «լիարժեքորեն տնօրինում է Նախիջեւանը»:
Ինչպես փոխանցում է Panorama.am-ը` Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան (AAAS), կիրառելով աշխարհատարածքային տեխնոլոգիաներ, (Geospatial Technologies), ուսումնասիրել է Նախիջեւանում գտնվող Ջուղայի հայկական միջնադարյան գերեզմանոցիՙ արբանյակից արված լուսանկարները: Ասոցիացիայի աշխատակից Սյուզան Վոլֆինբերգերը նշել է. «Արբանյակի միջոցով 2003 թ.-ին Ջուղայի գերեզմանոցում արված լուսանկարների եւ 2009-ի մայիսին արված լուսանկարների հետազոտությունը ցույց է տալիս, որ դեռ 2003-ին Ջուղայի գերեզմանոցում 15-16-րդ դարերի հնության հարյուրավոր խաչքարեր կային, իսկ 2009 թ.-ի լուսանկարներում դրանց մի մասն անհետացել է: Աշխարհատարածքային տեխնոլոգիաների կիրառման միջոցով արված ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ խաչքարերը տեղափոխվել են հողը փորող հատուկ սարքերի միջոցով, իսկ հետո հողի այդ հատվածները պարզապես հավասարեցվել են»:
Հիշեցնենք, որ Ջուղայի գերեզմանոցի խաչքարերի ոչնչացման վերջին դեպքն արձանագրվել է 2005-2006թթ.-ներին: Խաչքարերը ջարդել են ծանր շինարարական տեխնիկայի միջոցով, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածվել է հրաձգադաշտի: Այս կապակցությամբ Եվրոխորհրդարանը ցանկացել է ներկայացուցչություն ուղարկել` ուսումնասիրելու Ջուղայի գերեզմանոցում կատարված բարբարոսությունները, սակայն Ադրբեջանի իշխանությունները կտրականապես մերժել են այս նախաձեռնությունը:
2003-2006 թթ. հրապարակված իր զեկույցներում Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (ICOMOS) նույնպես անդրադարձել է Ջուղայի գերեզմանոցի խաչքարերի ոչնչացման հիմնախնդրին: Հիշեցնենք նաեւ` ԵԱՀԿ երկրների ղեկավարներիՙ Աստանայում կայացած վերջին գագաթաժողովի ընթացքում նախագահ Սարգսյանը գործընկերների առջեւ կարեւոր դիտարկումներ արեց Ջուղայի կործանված խաչքարերի վերաբերյալ:

No comments: