Tuesday, December 7, 2010

Դ. Բաբայան. Օդանավակայան` բոլորի համար. Արցախը պատրաստ է ընդունել ցանկացած ուղևորի՝ հայ, թուրք, ադրբեջանցի, թե եվրոպացի

Panorama.am. 7-12-2010- «Օդանավակայանի կառուցման աշխատանքների մեծ մասը կարելի է ասել ավարտված են: Պլանավորվում էր, որ այնտեղ տարվող աշխատանքները դեկտեմբեր ամսին պետք է ավարտվեին, սակայն որոշ խնդիրներ ծագեցին, որոշում կայացվեց առավել արդիական սարքավորումներ ձեռք բերել և բացման ժամկետները մի քանի ամսով հետաձգվեցին: Սակայն դրա արդյունքում նախատեսված տեխնիկան կլինի առավել արդիական, իսկ անվտանգությունը՝ բարձր մակարդակի»,- անդրադառնալով ԼՂՀ-ում կառուցվող միջազգային չափանիշներին համահունչ օդանավակայանի կառուցման աշխատանքներին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դ. Բաբայանը:
Նա նշեց, թե իրենք ակնկալում են, որ 2011 թվականի մայիս ամսից Ստեփանակերտից (օդանավակայանը գտնվում է Իվանյան բնակավայրի մերձակայքում) չվերթներ կիրականացվեն:
«Մեկ բան միանշանակ է, օդանավակայանը համապատասխանելու է միջազգային բոլոր չափանիշներին՝ իր ինքնաթիռներով, նավիգացիոն համակարգով, որակյալ կադրերով, ինչի արդյունքում անվտանգ չվերթներ կապահովվի»,- ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
Նրա համոզմամբ՝ դա կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ է և պատահական չէ, որ ադրբեջանական կողմն ակնկալելով և իմանալով դրա ռազմավարական նշանակությունը, արդեն իսկ դրա դեմ քարոզարշավ է նախաձեռնել:
Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե ադրբեջանական կողմը տեղեկություններ է շրջանառում, որ այդ օդանավակայանն օգտագործվելու է անօրինական զենք, զինամթերք տեղափոխելու համար՝ Դ. Բաբայանը նշեց.
«Այդ ամենը երկու բանի մասին է խոսում. առաջին, Ադրբեջանը նախանձ է արտահայտում մեզ մոտ կառուցվող նման ռազմավարական օբյեկտի կառուցման առնչությամբ և չի ցանկանում, որ Արցախն ունենա իր տրանսպորտային հանգույցը, և երկրորդ, որ նրանք ուղղակի փորձում են Արցախի վարկանիշի վրա ստվեր նետել»:
Պաշտոնյայի խոսքերով՝ օդանավակայանը բաց է լինելու ցանկացած միջազգային դիտորդի համար, անհրաժեշտության դեպքում վերջիններս կարող են գալ Ղարաբաղ ու տեղում ծանոթանալ իրավիճակին:
Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե Ադրբեջանում նշում են, թե այդ օդանավակայանն իրենց համար է կառուցվում՝ Դ. Բաբայանը նշեց.
«Օդանավակայանը կառուցվում է բոլորի համար: Արցախը պատրաստ է ընդունել ցանկացած ուղևորի՝ լինի դա հայ, թուրք, ադրբեջանցի կամ եվրոպացի: Ի տարբերություն ադրբեջանցիների, մենք որևէ խտրականություն չենք դնում այդ հարցում: Եթե Ադրբեջանում կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան այցելել Արցախ, արտոնագրեր ստանալ, կարող են առանց վարանման գալ»:

No comments: