«Լրագիր» 7-12-2010- Ամիսներ առաջ, երբ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկեց շքեղության հարկ սահմանել եւ հարկել թանկարժեք կյանքը, կառավարությունը մերժեց այդ օրինագիծը: Դա միանգամայն սպասելի արձագանք էր, քանի որ Հայաստանում շքեղ կյանքով ապրողներն են կառավարություն ձեւավորում, եւ կառավարությունը չէր կարող նրանց համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություն սահմանել: Դրան ի պատասխան, նրանք կարող էին նոր կառավարություն “սահմանել”, եւ հարցը այդպիսով կփակվեր:Իսկ ահա հասարակությունն այդ հնարավորությունից զրկված է, այսինքն չի կարող կառավարություն, իշխանություն ձեւավորել, եւ դրա համար էլ հասարակության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ սահմանելը իշխանության համար չի ներկայացնում որեւէ դժվարություն: Սննդամթերքի գինը բարձրանում է, բենզինի գինը բարձրանում է, գազի գինը բարձրանում է, ծառայությունների գինը բարձրանում է, գյուղմթերքների գինը բարձրանում է, այդ ամենը վերջ չունի, նույնիսկ կարծես թե դադար չունի, իսկ իշխանությունը պահպանում է շքեղ լռություն:
Ինչքան է շարունակվելու աղքատների “հարկումը” եւ հարուստների անհարկի շքեղությունը, դժվար է ասել: Համենայն դեպս, փաստ է, որ իշխանությունն իրերի այդ ընթացքը փոխելու որեւէ մտադրություն եւ ցանկություն չունի: Իշխանությունը միայն ապավինում է իմիտացիաներին, որոնցով փորձում է հասարակությանը համոզել, թե իբր ունի կյանքի որակ փոխելու մեծ ցանկություն: Այդ ցանկության առկայության պարագայում կյանքի որակը հիմա պետք է զգալիորեն փոխված լիներ, որովհետեւ, օրինակ, նախագահական երկուսուկես տարին պետք է որ Սերժ Սարգսյանի համար բավարար լիներ կյանքի որակի որեւէ փոփոխության հասնելու համար:
Մինչդեռ որակական առումով նա չի դարձել որեւէ փոփոխության հեղինակ: Միգուցե իշխանական համակարգի, օլիգարխիայի համար ինչ որ փոփոխություններ, ներքին կարգի ինչ որ տարբերություններ կան, սակայն հասարակության, շարքային քաղաքացիների համար տարբերությունը զրո է:
Մեծ հաշվով, իհարկե, անիմաստ եւ անտեղի է համեմատությունը Հայաստանի առայժմ երեք նախագահների կառավարման տարիների միջեւ: Ժամանակն է դուրս գալ այդ վիճակից եւ հարցերը դնել առանց համեմատական շեշտադրման: Ում նախագահությունն էր ավելի լավ, ումն ավելի տանելի, ավելի արդյունավետ, եւ այդ կարգի այլ հարցերը պետք է համարել արդեն ժամանակավրեպ: Կան երկրի առաջ կանգնած ներքին ու արտաքին լուրջ խնդիրներ, որոնք շաղկապված են իրար` արտաքինը բխում է եւ միարժեք պայմանավորված է ներքին վիճակով:
Ներքին վիճակում կան կարեւորագույն հիմնախնդիրներ` պետական եւ հասարակական կյանքի լիարժեք սահմանադրականություն, ինչը նշանակում է օրինական ընտրության միջոցով ձեւավորվող իշխանություն, մարդու իրավունքների եւ ազատությունների լիարժեք ապահովում, բիզնեսի եւ իշխանության լիարժեք եւ հստակ տարանջատում, տնտեսական մրցակցության ապահովում, անկախ դատական համակարգ: Դրանք են առանցային խնդիրները, որ կան երկրի առաջ: Հիմա համեմատությունների ժամանակը չէ, թե երեք նախագահներից ով է այդ հարցերում ավելի լավը կամ վատը եղել: Այդ համեմատությունների մեջ լղոզվում է ներկան եւ փոշիանում է ապագան:
Խնդիրները կամ լուծվում են, կամ չեն լուծվում: Դրանց լուծման ուղղությամբ ջանքերը պետք է համեմատության մեջ դնել հանրային պահանջների սանդղակի, ոչ թե նախորդ նախագահի աշխատանքի հետ: Անո՞ւմ է ներկա ժամանակի նախագահն այն, ինչ ակնկալում է հասարակությունը (եթե հասարակությունն իհարկե արդեն Սերժ Սարգսյանից ակնկալում է ինչ որ հիմնարար խնդրի լուծում), թե չի անում: Նախորդներից շա՞տ է անում, թե քիչ, դա արդեն որեւէ նշանակություն չունի:
Այդ համեմատությունները Հայաստանի համար ճոխություն են, որովհետեւ աշխարհը դինամիկ փոխվում է, իսկ Հայաստանում դինամիկ է միայն գների աճն ու սոցիալական բեւեռացումը, մեկ էլ պաշտոնյաների եւ օլիգարխների ունեցվածքի թարմացումն ու ոստիկանության պայքարը ցանկացած տեսակի այլակարծության դեմ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment