Tuesday, December 14, 2010

Human Rights House Foundation-ը պահանջում է ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին

Human Rights House Foundation միջազգային կազմակերպությունը ազատազրկման մեջ գտնվող լրագրող Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ նամակ է հղել Սերժ Սարգսյանին, ՀՀ արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանին և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Ստորև ներկայացնում ենք նամակը.
«Human Rights House Foundation-ի անդամները լրջորեն անհանգստացած են քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա կատարված վերջին հարձակումներով և կոչ են անում Հայաստանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել նրան:
Նիկոլ Փաշինյանը` 35 տարեկան, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, ով դատապարտվել է իր քաղաքական հայացքների համար:
2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո նա մասնակցել է ընդդիմության կողմից կազմակերպված 2008 թվականի մարտի 1-2-ի ցույցերին և հանրահավաքներին: Իշխանությունները դաժանաբար ցրել են հանրահավաքները և օգտագործել անհամաչափ ուժ, ինչը 10 մահվան և ավելի քան 130 վիրավորների պատճառ է դարձել: Փաշինյանը մեղադրվել է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո կատարված դեպքերի ժամանակ իշխանությունների դեմ բռնություն հրահրելու և զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ»:
Human Rights House Foundation կազմակերպությունը համագործակցության ֆորում է, որը միավորում է 70 հասարակական կազմակերպությունների՝ աշխարհի 15 երկրներում` Արևմտյան Բալկաններում, Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում, Արևելյան Աֆրիկայում և Արևմտյան Եվրոպայում: Կազմակերպության նպատակն է պաշտպանել և աջակցել իրավապաշտպաններին և նրանց կազմակերպությունները: Այս հիմնադրամը հիմնադրվել է Օսլոյում (Նորվեգիա) և Ժնևում (Շվեյցարիա):

No comments: